ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ` ԿՐԿԵՍԻ ՏՈՄՍԵՐԸ ՉԵՆ ԹԱՆԿԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր տարեվերջյան մամուլի ասուլիսում տեղեկացրել էր, որ 2016 թվականի ընթացքում կիրականացվեն կրկեսի ժամանակակից շենքի բուն աշխատանքները, իսկ 2017 թվականին շենքը կհանձնվի շահագործման: Այսպիսով` 2014-ին մեկնարկած շինարարության ավարտի վերջնաժամկետը եւս մեկ անգամ հետաձգվեց: Կրկեսի վերակառուցմամբ զբաղվում է «Տաշիր Գրուպ»-ը: Աշխատանքները հետաձգվեցին, քանի որ որոշվեց, որ կրկեսի շենքի տակ լինելու է երկհարկանի ավտոկայանատեղի:Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին պատմել է կրկեսի զարգացմանը միտված ծրագրերի մասին:

-Պարո՛ն Պետրոսյան, գիտենք, որ արդեն 2 տարի է` գրում եք մեր կրկեսի բացման հանդիսավոր արարողության սցենարը: Հետաքրքիր է` ի՞նչ հայտնի արտիստների եք հրավիրելու:
-Չեք պատկերացնի, թե դա ինչ տպավորիչ միջոցառում է լինելու… Եթե նախկին կրկեսում հնարավոր չէր հանդես գալ լայնամասշտաբ ներկայացումներով, օրինակ` կրկեսը` սառույցի վրա, կրկեսը` ջրի մեջ, չկային օդային ատրակցիոններ, ապա այժմ իրավիճակը փոխվել է: Մասնագետները կկարողանան ներկայանալ իրենց ամբողջ հնարավորություններով: Մենք բացման արարողությանը հրավիրել ենք, օրինակ, Բաղդասարովների կրկեսային հայտնի դինաստիային, կենդանավարժ Տիգրան Հակոբյանին, իմ դինաստիայի անդամներին: Տղաս, ով ապրում է Գերմանիայում, կօգնի ինձ, որպեսզի Եվրոպայից էլ հյուրեր ունենաք: Վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Կրկեսային գործիչների միության հավաքը, որի ընթացքում որոշվեց, թե բացման արարողությանը որ դերասաններն են հանդես գալու: Միության կազմում կան ավելի քան 3 հազար հայ դերասաններ ամբողջ աշխարհից: Նրանք բոլորը պատրաստակամ են անշահախնդիր մասնակցելու այդ միջոցառմանը, բայց հո չե՞նք կարող բոլորին ընդգրկել:
-Այդքան կրկեսի դերասան ունենք, բայց քչերն են հանրությանը հայտնի…
-Մեկը մի տեսահոլովակ է նկարահանում, մի հեռուստաընկերությունից մյուսն են կանչում, բայց իսկական արվեստագետներին ժողովուրդը չի ճանաչում: Այդ 3 հազար դերասաններից առնվազն 2 հարյուրը ամեն օր բարձր են պահում մեր երկրի անունը արտերկրում, անընդմեջ հյուրախաղերի են, օրեցօր նոր հաջողություններ են գրանցում: Նախորդ տարի նույնիսկ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը պետականորեն չնշվեց: Մենք, իհարկե, Մնջախաղի թատրոնի հետ նշեցինք այդ հոբելյանը, դրա շրջանակներում հրավիրեցինք «Իմպերիալ» շապիտո-կրկեսը` Սանկտ Պետերբուրգից: Այն հյուրախաղերով հանդես եկավ Երեւանում, Արցախում, ՀՀ մարզերում:
-Տարբեր առիթներով շեշտել եք, որ կրկեսի դերասաններն այս ընթացքում անգործ նստած չեն, հիմա էլ պարապմունքներ են անցկացնում այդ նպատակով վարձակալված տարածքում: Հետաքրքիր է` այդ վարձակալության գումարն ո՞վ է վճարում: Պետությունը չկարողացավ կրկես կառուցել, գուցե նման հարցերում աջակցո՞ւմ է:
-Դե, տեսնո՞ւմ եք` այդ գումարն էլ, մարզիչների գումարն էլ հովանավորն է տալիս…
-Իսկ հնարավո՞ր է, որ կրկեսն էլ երբեւէ բիզնես շահույթ հետապնդի, օրինակ` այդ նպատակով տոմսերը թանկանան:
-Ես վերջերս ուսումնասիրում էի, թե ինչ արժե կրկեսի տոմսը, օրինակ` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Պարզվեց` այնտեղ դրա գինը սկսվում է 30 դոլարից` հասնելով 100 դոլարի: Բայց Հայաստանում մենք մեզ չենք կարող նման բան թույլ տալ. մեր ժողովուրդը վճարունակ չէ: Հովանավորն ասում է, որ կրկեսի տոմսերը չեն թանկանալու:
-Պարո՛ն Պետրոսյան, բացման արարողությունից հետո մեր կրկեսի զարգացմանը միտված ի՞նչ հետաքրքիր ծրագրեր կան:
-Միջազգային կրկեսային լիցենզավորված փառատոն կազմակերպելու ցանկություն ունեմ, երեւի կրկեսի բացումից մեկ տարի անց արդեն այն կյանքի կկոչեմ. թույլտվությունն արդեն ունեմ: Բացի այդ` ուզում եմ այս տարի թատերական ինստիտուտին կից բացել կրկեսի ռեժիսուրայի եւ կրկեսային գործի կառավարման բաժին. նոր կրկեսում մեզ պետք կլինեն նոր մասնագետներ: Ես արդեն դիմել եմ կրթության եւ գիտության նախարարություն, մտադիր ենք հատուկ կուրս բացել: Թատերական ինստիտուտի շատ շրջանավարտներ այսօր աշխատելու տեղ չունեն, իսկ մենք կընձեռենք այդ հնարավորությունը:

 

 

 

 
«ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ԲԱՅՑ ԻՆՁՆԻՑ ԿԱՐԵԼԻ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՍՊԱՍԵԼ»

Երգչուհի Սոնա Շահգելդյանի կյանքում առանձնահատուկ իրադարձություն է տեղի ունեցել: 2015-ի դեկտեմբերի 29-ին լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը` Արթուրը: Սոնան ծննդատնից դուրս է գրվել տարվա վերջին օրը` դեկտեմբերի 31-ին, եւ, իրեն բնորոշ ակտիվությամբ, դրանից անմիջապես հետո գնացել է մասնակցելու տոնական համերգի: «Մի քիչ անհավանական է, մարդիկ դա չեն պատկերացնի, բայց իմ բնույթն ուրիշ է, ինձնից կարելի է ամեն ինչ սպասել (լավ առումով)»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա:

Սոնան նախ կիսվեց մայրանալուն զուգընթաց իրեն ուղեկցող զգացողություններով. «Մայրանալն, իսկապես, անբացատրելի մի բան է, հրաշք, որ տրվում է Աստծո կողմից: Որքան էլ դժվարությունները շատ լինեն, դրանք հաղթահարում ես»,-ասաց նա:
Ի դեպ, երբ երգչուհու որդին ծնվել է, առատ ձյուն է տեղալիս եղել, եւ Սոնան Ռուբեն Հախվերդյանի «Ձյունը» երգը իր կատարմամբ նվիրել է տղային:
Ինչպես հասկացանք՝ Սոնան բավական ակտիվ մայրիկ է. նրա խոսքով` ինքը մինչեւ հղիության 9-րդ ամիսն աշխատել է: ««Հյուսիս-հարավ ֆիլմում նկարահանվելիս արդեն հղի էի, շատ դժվար էր, անչափ հոգնում էի, բայց սիրով եմ աշխատել»,-պատմեց նա:
Եթե հանրային այլ դեմքեր նախընտրում են իրենց զավակներին գաղտնի պահել մարդկանց ուշադրությունից, ապա Սոնան նրանց թվին չի պատկանում: «Երեխայիս ծնունդից թող 40 օր անցնի, հաստատ չեմ թաքցնի նրան հանրությունից, համացանցում կտեղադրեմ լուսանկարներ»,-խոստացավ նա:
Երգչուհին այս շրջանում հիմնականում զբաղված է բալիկի խնամքով, իսկ արդեն գարնանը կսկսի ինտենսիվորեն աշխատել. «Այս ընթացքում մայրիկիս հետ եմ ապրում, նա եւ տատիկս շատ են օգնում երեխային խնամելու հարցում: Որոշ ժամանակ անց կառանձնանամ: Իսկ կարիերայումս երբեք պասիվություն չի գրանցվի, կաշխատեմ միշտ հունի մեջ լինել»,-վստահեցրեց Սոնան:
Նա այժմ մի քանի նոր երգ է պատրաստում` տարբեր ոճերում: Նաեւ մտադիր է այս տարի Հայաստանում հանդես գալ մենահամերգով, համերգներով ներկայանալ նաեւ արտերկրում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԵՐԳՆ ԸՆՏՐԵԼ ԵՆ
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը ընտրել է այն երգը, որը Իվետա Մուկուչյանը կներկայացնի «Եվրատեսիլ-2016»-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: «Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ վերջին ամիսների ընթացքում ավելի քան 300 երգ ենք ստացել ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից եւ, իհարկե, Հայաստանից: Եվ պետք է նշեմ, որ իսկապես մեզ ոգեւորում էր մրցույթի եւ այս տարվա հայաստանյան մասնակցի նկատմամբ առկա հետաքրքրությունը: Կարծում ենք, որ Իվետայի երկրպագուներին շատ չենք սպասեցնի: Երգը եւ տեսահոլովակը երկրպագուների դատին կհանձնվի միասին»,-ասել է Գոհար Գասպարյանը:

 

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
ԱՄՆ¬ում 67 տարեկան հասակում մահացել է կիթառահար Գլեն Ֆրայը՝ կալիֆոռնիական Eagles ռոք¬խմբի համահիմնադիրը, 1970¬ական թվականների բազմաթիվ հիթերի համահեղինակը: Reuters¬ի փոխանցմամբ` Ֆրայը վախճանվել է Նյու Յորքում ռեւմատոիդ արտրիտի բարդացումներից, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտից եւ թոքաբորբից:
Նշենք, որ Eagles խումբը 1971 թվականին Լոս Անջելեսում հիմնել են ծնունդով Դետրոյտից Ֆրայը եւ թմբկահար ու երգիչ Դոն Հենլին: Խումբը, որն իր մոտիվներում ռոքը զուգակցել է քանթրի¬երաժշտության հետ, 1970¬ական թվականներին առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժշտական կոլեկտիվներից մեկն Էր: Eagles-ին են պատկանում այնպիսի հիթեր, ինչպիսիք են Hotel California¬ն, Peaceful Easy Feeling¬ը, Already Gone¬ը եւ Take It Easy¬ը:

 

ՍԿԱՆԴԱԼ «ՕՍԿԱՐ»-Ի ՇՈՒՐՋ
Այն, որ «Օսկար» կինոմրցանակաբաշխությունում այս տարի ոչ մի սեւամորթ դերասան չի առաջադրվել, հսկայական աղմուկի տեղիք է տվել ԱՄՆ-ում: Ռեժիսոր Սփայք Լին ու Ուիլ Սմիթի կինը՝ Ջադան, կոչ են արել բոյկոտել մրցանակաբաշխությունը: Դրանից հետո ամերիկյան կինոարվեստի ակադեմիան որոշել է լուրջ փոփոխություններ անել:
Ամերիկյան կինոակադեմիկոսների նախագահ Շերիլ Բուն Այզեքսը հայտարարել է. «Սա բարդ ու կարեւոր թեմա է, ու եկել է մեծ փոփոխությունների ժամանակը: Ակադեմիան արմատական քայլեր կձեռնարկի իր անդամների կազմը փոխելու համար: Մոտակա օրերին ու շաբաթներին մենք կգնահատենք անդամակցության համակարգը, որպեսզի 2016 թ. ու գալիք տարիներին մեր կազմում ապահովենք բազմակարծություն, որն այդքան անհրաժեշտ է»:




Լրահոս