Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցով Ռուսաստանը հանդես չի եկել որևէ նոր փաստաթղթերի ընդունման նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2015թ. ռուսական արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոչ մի «Լավրովի փաստաթուղթ» կամ որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նա ընդգծել է, որ ԼՂ կարգավորման համար գոյություն ունի միայն մի քանի փաստաթուղթ: «Կան մի շարք փաստաթղթեր, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստել են ԼՂ կարգավորման բանակցային տարբեր փուլերում»,-պարզաբանել է Լավրովը:
Նա նաև հիշեցրել է, որ վերջերս որոշակի դադարից հետո կողմերը վերսկսեցին դիվանագիտական շփումները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան