Որքան հարկ են վճարել ծխախոտի բիզնեսով զբաղվող ընկերությունները. եկամտաբե՞ր բիզնես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկային ծառայությունը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը: Armlur.am-ն արդեն ներկայացրել էր, թե ինչ տեսք ունի առաջին տասնյակը: Այժմ ներկայացնենք, թե որքան հարկ են վճարել պետությանը` ծխախոտ արտադրող ընկերությունները:

Նրանցից ամենախոշորը` «Գրանդ Տոբակո»-ն, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին  վճարել է 13 մլրդ 699 մլն 722 հազար դրամ հարկ` 2014թ.  նույն ժամանակահատվածի 10 մլրդ 465 մլն 005 հազարի դիմաց: «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը 2015 թվականին վճարել է 7 մլրդ 238 մլն 854 հազար դրամ հարկ` 2014-ի 5 մլրդ 892 մլն 233 հազարի դիմաց: Իսկ ահա «Մասիս Տոբակո»-ն 2015 թվականին  պետությանը վճարել է 471 մլն 933 հազար դրամ հարկ, իսկ 2014 թվականին` 1 մլրդ 224 մլն 511 հազար:

Հայաստանում ծխախոտ արտադրող խոշոր ընկերությունները թերևս այս երեքն են: Սակայն խոշոր հարկատուների ցանկում առկա են նաև ծխախոտ ներկրող ընկերություններ:  Հայաստանում ծխախոտի առաջատար ներկրողներն են «Ֆիլիպ Մորիս Արմենիան», «Ավերսը», «Հարդ Լայթսը»: Ծխախոտ ներկրող ընկերությունների մոտ առկա է հետևյալ պատկերը:

«Ջեյ թի այ Արմենիա»-ն 2015 թվականին պետությանը վճարել է 7 մլրդ 804 մլն 566 հազար դրամ հարկ և գտնվում է խոշոր հարկ վճարողների 12-րդ հորիզոնականում: Իսկ 2014 թվականի տվյալներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս ընկերությունը պետությանը վճարել է ընդամենը 563 մլն 936 հազար դրամ հարկ և 2014-ին գտնվել է 207-րդ հորիզոնականում: Ստացվում է, որ ծխախոտ ներկրող այս ընկերությունը թռիչքային աճ է ունեցել և պետբյուջե ավելի շատ հարկ է վճարել:

Ծխախոտի ներկրմամբ զբաղվող մեկ այլ` «Ալվերս» ընկերությունը գտնվում է խոշոր հարկատուների ցանկի 23-րդ հորիզոնականում և վճարել է 4 մլրդ 520 մլն 865 հազար դրամ հարկ` 2014 թվականի` 2 մլրդ 934 մլն 204 հազարի դիմաց: 2014 թվականին այս ընկերությունը եղել է խոշոր հարկատուների 42-րդ հորիզոնականում:

«Ֆիլիպ Մորիս Արմենիա » ընկերությունը 2015 թվականին գտնվելով խոշոր հարկատուների 13-րդ հորիզոնականում, վճարել է 7 մլրդ 424 մլն 051 հազար հարկ` 2014 թվականի 8 մլրդ 029 մլն 934 հազար դրամի դիմաց: Այս ընկերության` պետությանը վճարվող հարկերը նվազել են: «Դիսթրիմէքս» ընկերությունը 2015 թվականին պետությանը վճարել է 2 մլրդ 495 մլն 137 հազար դրամ հարկ և գտնվում է հարկատուների 48-րդ հորիզոնականում: Իսկ 2014 թվականին այս ընկերությունը պետությանը վճարել էր 2 մլրդ 798 մլն դրամ հարկ և գտնվել 47-րդ հորիզոնականում: «Վիդիս Դիսթրիբյուշն» ընկերությունը 2015 թվականին պետությանը վճարել է 175 մլն 182 հազար դրամ հարկ, իսկ 2014-ին` 175 մլն 927 հազար դրամ:

Այսպիսով, 2015 թվականի 1000 խոշոր հարկատուների առաջին 20-յակում տեղ են գրավել ծխախոտի բիզնեսով զբաղվող 4 ընկերություն: «Գրանդ Տոբակո»-ն 8-րդ հորիզոնականում է, «Ջեյ թի այ Արմենիա»-ն` 12, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն` 13 և «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը` 14:




Լրահոս