Հայաստանի խոշոր հարկատուների ուղիղ կեսը զբաղված են ապրանքներ ներկրելով. ինչ պատկեր է տիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հազար խոշոր հարկատուները 2015-ին պետական բյուջե են վճարել ընդհանուր 696 միլիարդ 514 մլն դրամի հարկեր եւ տուրքեր: Այս տվյալը հրապարակել է ՀՀ հարկային ծառայությունը:

Նույն կառույցի տեղեկացմամբ՝ Հայաստանում անցած տարվա ընթացքում հավաքագրվել է ընդհանուր 1 տրիլիոն 65 միլիարդ 644 մլն դրամի հարկեր եւ տուրքեր: Ստացվում է, որ Հայաստանում հավաքագրված ընդհանուր հարկեր եւ տուրքերի ավելի քան 65 տոկոսը գոյանում է խոշոր հարկատուների մուծումներից: Ի դեպ, նույն պաշտոնական վճարների համաձայն՝ Հայաստանում հարկ վճարողների ընդհանուր թիվը ավելի քան 96 հազար է: Հայաստանի տնտեսության կենտրոնացվածության ցայտուն ապացույց հնարավոր չէ գտնել:

Սակայն խոշոր հարկատուների մեջ կան այնպիսիք, որոնք առանձնանում են մյուսներից, եւ նրանց կարելի է որակել որպես գեր խոշորների: Մասնավորապես, այդպիսին կարող են համարվել խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասը հորիզոնականում ընդգրկված ընկերություններին: Վերջիններս 2015 թվականին ընդհանուր պետբյուջե են վճարել 191 միլիարդ 872 մլն դրամի հարկեր եւ տուրքեր: Այսինքն՝ 10 ընկերության բաժին է հասնում խոշոր հարկատուների վճարած հարկեր եւ տուրքերի 27 ու ընդհանուր Հայաստանում հավաքագրվածի 18 տոկոսը:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ խոշոր հարկատուների ցանկի արդեն երկրորդ տասնյակում տեղ զբաղեցրած ընկերությունները միասին վճարել են ընդամենը 61 միլիարդ 121 մլն դրամի հարկեր եւ տուրքեր: Ինչպես տեսնում ենք՝ հարկերի եւ տուրքերի ծավալներն այս դեպքում արդեն կտրուկ նվազում են: Խոշոր հարկատուների ցանկը գործնականում հենց այդ տրամաբանությամբ է, որքան իջնում ենք «ներքեւ», վճարված հարկեր եւ տուրքերի ցուցանիշն այնքան կտուկ սկսում է նվազել:

Վերցնենք խոշոր հարկատուների ցուցակի առաջին հիսուն ընկերություններին, նրանք բոլորը միասին վճարել են 355 միլիարդ 930 մլն դրամի հարկեր եւ տուրքեր, իսկ երկրորդ հիսուն ընկերությունների բյուջետային վճարումները կազմել են ընդամենը 82 միլիարդ 407 մլն դրամ:

Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, թե խոշոր հարկատուների ցուցակի, ասենք, առաջին տասն ընկերությունները ինչ գործունեություն են ծավալում. ստորեւ բերված ցուցակում ներկայացված են այդ ընկերությունները եւ նրանց վճարած հարկեր եւ տուրքերի չափը, ինչպես 2015 թվականին, այնպես էլ նախորդ՝ 2014-ին: Ըստ այդմ, ակնհայտ երեւում է, թե նշված ընկերություններից որի վճարած հարկերն են ավելացել, որինը՝ նվազել:

2015թ. 2014թ.

1. «Գազպրոմ Արմենիա» 42 մլրդ 650 մլն,  42 մլրդ 812 մլն
2. «Զանգեզուրի ՊՄԿ» 27 մլրդ 501 մլն,  19 մլրդ 940 մլն
3. «Ղ տելեկոմ» 18 մլրդ 629 մլն,  28 մլրդ 891 մլն
4. «Ալեքս գրիգ» 18 մլրդ 255 մլն,  21 մլրդ 571 մլն
5. «Որոտանի ՀԷԿ» 16 մլրդ 956 մլն,  2 մլրդ 880 մլն
6. «ՀԷՑ» 16 մլրդ 494 մլն,  12 մլրդ 430 մլն
7. «ԱրմենՏել» 15 մլրդ 467 մլն,  16 մլրդ 490մլն
8. «Գրանդ տոբակո» 13 մլրդ 700 մլն,  10 մլրդ 465 մլն
9. «Ֆլեշ» 12 մլրդ 751 մլն , 11 մլրդ 980 մլն

«Սիփիէս օիլ քորփորեյշն» 9 մլրդ 465 մլն 9 մլրդ 618 մլն Այսինքն՝ թիվ մեկ հարկատուն Հայաստան գազ ներկրող ընկերությունն է, երկրորդը` զբաղվում է պղնձի խտանյութի արտահանմամբ, երրորդը` կապի ծառայություն է մատուցում, չորրորդը` զբաղվում է ներկրմամբ եւ մի շարք ապրանքներ ներկրելու մենաշնորհ ունի: Հինգերորդը ցուցակում հայտնվել է պատահական, քանի որ նրա վճարած հարկերը գոյացել են ընկերության բաժնետոմսերի վաճառքից, իսկ ընթացիկ տարում այդ անունով խոշոր հարկատու այլեւս չի լինի: Վեցերորդը` էլէներգիայի բաշխման ծառայություն է մատուցում, հաջորդը կրկին կապի ծառայություն է մատուցում, վերջին երկուսը զբաղվում են Հայաստան բենզին եւ դիզելային վառելիք ներկրելով: Այսինքն՝ նշված տասից արդյունաբերական ոլորտի ընկերություն կարող է համարվել միայն մեկը, որը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ, եւ իր արտադրանքը միայն Հայաստանում չի սպառվում, այսինքն՝ նրա գործունեության արդյունքում Հայաստանը «դրսից» է եկամուտ ստանում: Իհարկե, ինչ-որ առումով «Զանգեզուրի ՊՄԿ»-ի դեպքում եւս կարելի է ասել, որ «դրսից» եկամուտներ է ապահովում, բայց չմոռանանք, որ այս ընկերությունը պետության հարստությունն է արդյունահանում եւ վաճառում:

Վերը բերված պատկերը բնութագրում է Հայաստանի տնտեսությունում ստեղծված վիճակը, այն է, որ մեր ամենախոշոր ձեռնարկությունների տասնյակում կա միայն մեկ ընկերություն, որը ապրանք է արտադրում եւ արտահանում: Տասից ուղիղ կեսը զբաղված են ապրանքներ ներկրելով, այսինքն՝ նրանք ոչ թե գումարներ «բերող» են, այլ հակառակը: Հայաստանի տնտեսությունը կփոխվի միայն այն ժամանակ, երբ նշված տասնյակի գոնե կեսը կլինեն ընկերություններ, որոնք ինչ-որ բանի արտադրությամբ կզբաղվեն: Իսկ մինչ այդ Հայաստանն ընդամենը գոյատեւելու է տրանսֆերտների եւ վարկերի հաշվին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս