Ի՞նչ կտա Հայաստանին անդամակցությունը Eurimages-ին միջազգային կինո տանող ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է, որ հունվարի 28-ին Ստրասբուրգում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ընդունվել է Eurimages-ի (Եվրոպայի խորհրդին առընթեր համատեղ կինոարտադրության հիմնադրամ) անդամ դառնալու` հայկական հայտը: Ինչպես տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի կայքից, Eurimages-ն ուրախությամբ ողջունում է Հայաստանին՝ որպես հիմնադրամի նոր անդամ պետության 2016 թ. հունվարի 1-ից: Նշենք, որ վերջինս եվրոպական ամենամեծ ֆինանսավորող կառույցն է, եւ ակնկալվում է, որ դրան անդամակցելով` մեզ համար ֆինանսական մի շարք հարցեր կլուծվեն: Բացի այդ` բոլոր այն երկրները, որոնք Eurimages-ի անդամ են, համատեղ արտադրության հնարավորություն ունեն: Հայաստանն ի՞նչ ձեռքբերումներ կունենա` անդամակցելով այս հիմնադրամին, եւ ի՞նչ չլուծված խնդիրներ ունենք մենք դեպի միջազգային կինո- ճանապարհին: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի եւ ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ:

Նշենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը դեռեւս 2012 թվականից զբաղվել է մեր երկրի` Eurimages-ին անդամակցելու աշխատանքներով: 2014 թվականին կինոկենտրոնի աշխատակիցների կողմից հավաքվել եւ պատրաստվել է ամբողջական փաստաթուղթ հայկական կինոարդյունաբերության, արտադրանքի, ֆիլմերի ցուցադրությունների, կինոարտադրող ընկերությունների ու կինոթատրոնների մասին եւ ուղարկվել Eurimages-ին: Բացի այդ` Գեւորգ Գեւորգյանը տարբեր տարիներին Կաննում հանդիպումներ է ունեցել Eurimages-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Օլլայի հետ, քննարկել անդամակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Արդեն 2015 թվականին պատրաստ էին բոլոր պայմաններն ու փաստաթղթերն անդամակցության համար։

Գևորգ Գևորգյանը
Գևորգ Գևորգյանը

Հաշվի առնելով, որ պետությունը հիմնադրամին տարեկան անդամավճար պետք է մուծի, մենք Գ. Գեւորգյանից հետաքրքրվեցինք` արդյոք հնարավոր է, որ մենք հիմնադրամին մուծենք այդ գումարը, իսկ վերջինս մեր ներկայացրած ոչ մի նախագիծ էլ հավանության չարժանացնի եւ չֆինանսավորի. «Նման բան, իհարկե, հնարավոր է, բայց ես չեմ կարծում, թե այդպես կլինի, քանի որ մեր երկիրը լավ պոտենցիալ ունի, մենք արդեն մի քանի հաջողված նախագծեր ունենք, որոնք սուղ ֆինանսական հնարավորությունների պատճառով չէինք կարողանում կյանքի կոչել եւ հիմա պատրաստվում ենք ներկայացնել հիմնադրամին: Մեր երկրի տարեկան անդամավճարը կազմում է 100 հազար եվրո, բայց, ամեն դեպքում, այն ֆինանսները, որ կուղղի հիմնադրամը, շատ ավելին կլինի, քան մեր մուծած գումարը, հավատացեք` մենք տասնապատիկ կշահենք: Ի դեպ, մյուս երկրները, որոնք կինոարտադրության ոլորտում ներդրումների մեծ հնարավորություններ ունեն, տարեկան ավելի մեծ գումարներ են մուծում հիմնադրամին»,-ներկայացրեց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք դժվար չէր «համոզել» պետությանը` անդամակցել այս հիմնադրամին (հաշվի առնելով տարեկան անդամավճարի գործոնը), Գ. Գեւորգյանը պատասխանեց. «Պետությունը հիմնադրամին անդամակցությանը դեմ չի եղել, պարզապես ավելի վաղ չի արձագանքել, քանի որ մենք ինքներս դեռ ամբողջովին պատրաստ չէինք այդ անցումին: Ամբողջ նախապատրաստական գործընթացը 2-3 տարվա ընթացքում հասցրել ենք ավարտին, այսինքն` այստեղ միայն գումարի խնդիրը չէ, որ առկա էր»:

Մենք նաեւ հարցրինք, թե ինչ խոչընդոտներ է պարոն Գեւորգյանը տեսնում դեպի միջազգային կինո տանող ճանապարհին. «Միակ խոչընդոտը վատ արտադրանքը պետք է լինի, եթե չկարողանանք լավ նյութ ներկայացնել: Բացի այդ` մենք ունենք լավ պոտենցիալ, բայց այն ճիշտ չօգտագործելու սովորություն ունենք, օրինակ` վերջնաժամկետների հարցում արդեն ավելի զգոն պետք է լինենք, մի շարք հարցեր պետք է իրավաբանորեն ճիշտ ձեւակերպված լինեն եւ այլն: Կածում եմ` մեր կինոգործիչներն այս պայմաններին արագ կհամակերպվեն»,-նշեց նա:

Պարոն Գեւորգյանի համոզմամբ` մեր պրոդյուսերները հիմա առավել քան երբեւէ պետք է ակտիվանան եւ զարգացնեն իրենց հմտությունները: Այն հարցին, թե որ երկրների հետ է պատկերացնում մեր համագործակցությունը, Գ. Գեւորգյանը պատասխանեց. «Առայժմ հիմնականում Ֆրանսիայի հետ, որի հետ մի շարք համատեղ նախագծեր ենք ունենում, կան նախագծեր նաեւ Ռուսաստանի հետ: Կարծում եմ` առաջիկայում հանդիպում կկազմակերպենք Eurimages-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Օլլայի եւ մեր կինոգործիչների հետ: Այդ ընթացքում վերջիններս կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները»:

Արամ Շահբազյանը
Արամ Շահբազյանը

Ռեժիսոր Արամ Շահբազյանին այս հիմնադրամին անդամակցելու լուրը անակնկալի է բերել: Նրա խոսքով` ինքն արդեն մտածում է սեփական նախագծերը ներկայացնելու մասին: «Ինձ համար կարեւոր է, որ տվյալ նախագիծը միջազգային մասշտաբով մրցունակ լինի: Մեր երկրում համամարդկային թեմաներով նախագծեր, ցավոք սրտի, չեն կազմվում: Մեզ մոտ շատ քիչ են այն ֆիլմերը, որոնք համարտադրության արդյունք են, քանի որ, որպես կանոն, տվյալ սցենարները ֆոնդերում մրցունակ չեն: Eurimages-ն այս պարագայում կարող է օժանդակել այլ երկրների հետ համարտադրությանը: Բացի այդ` եթե Eurimages-ի անդամ չես, կարող ես մոռանալ մեծ գումարներ պահանջող նախագծերի մասին: Իսկ այս դեպքում մեզ համար նոր հնարավորություններ են բացվում»,- ասաց ռեժիսորը:

Ձեռքբերումների շարքում նա նշեց նաեւ այն հանգամանքը, որ այսուհետ մեր կինոգործիչները, գուցե, լրջորեն մտածեն մեր կինոդպրոցի կայացման, դրամատուրգներին շահագրգռելու մասին: Իսկ հնարավոր խոչընդոտներից մեկն էլ, ըստ ռեժիսորի, սցենարիստների պակասն է. «Սցենարական դաշտը մեզ մոտ չի զարգացել, զրոյական վիճակում է, մենք վատ ֆիլմեր ենք նկարահանում, որովհետեւ կինոդրամատուրգիա չունենք, այսինքն` մեզ պետք են ուժեղ պատմություններ` ուժեղ սցենարներով»,- նշեց նա` հավելելով, որ մյուս պայմանները, որոնք հարկավոր է ապահովել, կապված են անկախ պրոդյուսերական դաշտը զարգացնելու եւ կինոարտադրության ոլորտում մրցակցություն ստեղծելու հետ:

Հ.Գ. Eurimages-ը համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի եւ ցուցադրության աջակցության հիմնադրամ է, որը ստեղծվել է 1988 թ. Եվրոպայի խորհրդին առընթեր եւ առ այսօր 37 անդամ պետություն ունի (Հայաստանը ներառյալ): Նախկին խորհրդային հանրապետություններից Eurimages-ի անդամ են Ռուսաստանը, Բալթյան երկրները եւ Վրաստանը: 1988 թ. ի վեր հիմնադրամն աջակցել է 1726 եվրոպական համարտադրությունների 518 մլն եվրո ընդհանուր գումարով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս