Հայկական սննդարդյունաբերությունը պատրաստ է առավել ընդլայնված ներկայանալու ռուսական շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 8-12-ը հայկական 21 ընկերություններ մեկ միասնական տաղավարով մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը կներկայացնեն Մոսկվայում տեղի ունեցող «Պրոդ Էքսպո-2016» միջազգային ցուցահանդեսին: Այն սննդի, խմիչքների և սննդային հումքի 23-րդ միջազգային ամենամյա ցուցահանդեսն է, որը ճանաչված և ընդունված է արտադրողների, հատկապես խոշոր գնորդների ու ներմուծողների շրջանում: «Պրոդ Էքսպո»-ին տարեկան մասնակցում է շուրջ 2000 կազմակերպություն՝ ավելի քան 65 երկրից, այցելում ավելի քան 30 000 մարդ:

Հայկական ընկերությունները միասնական տաղավարում ներկայացնում են արտադրանքի հարուստ տեսականի. մրգային և բանջարեղենային պահածոներ, հյութեր, կոմպոտներ, ըմպելիքներ, մուրաբաներ, ջեմեր, թթու, մարինացված բանջարեղեն, թարմ և մարինացված սունկ, գարեջուր, խմելու աղբյուրի շշալցված ջուր, խաղողի կորիզի, նռան հատիկի և կտավատի յուղ, մսամթերք, մսի ու ձկան պահածոներ, թեյի տեսակներ, մեղր, ընդեղեն, չրեղեն, ալկոհոլային խմիչքներ՝ մրգային բրենդիներ և օղիներ, կոնյակ, գինի, վիսկի:

«Այսօր Հայաստանը ռուսական մեծ շուկային կարող է առաջարկել սննդարդյունաբերության ընդգրկուն տեսականի, իսկ այսպիսի միջոցառումները ամենակարճ ճանապարհն են մեծածախ գնորդներին հայկական արտադրանքը լավագույնս ներկայացնելու, գործարար կապեր ստեղծելու համար: Նման ցուցահանդեսների ժամանակ մեր ընկերությունները հնարավորություն են ունենում նաև ծանոթանալու ոլորտի նորություններին և զարգացման միտումներին»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս