Արհեստական դաշինքները ոչինչ չեն տա. Ստեփան Դեմիրճյանը` Բագրատյանի առաջարկի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը վերջերս կայացած ասուլիսի ժամանակ  ընդդիմադիր դաշտի ուժերին՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀՇ, «Հանրապետություն» կուսակցություն, հրավիրում է միավորվելու եւ կոալիցիա ստեղծելու՝ պառլամենտական ընտրություններում հաղթելու նպատակով:

Բագրատյանի առաջարկի շուրջ «Ժողվուրդը» զրուցել է նույն խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ, ով նշեց, որ ընդդիմադիր ուժերն առաջին հերթին պետք է իրենց ջանքերը համատեղեն ընտրությունների օրինականությունն ապահովելու գործում:

– Պարո՛ ն Դեմիրճյան, Հրանտ Բագրատյանի կողմից ընդդիմադիր ուժերի միավորման առաջարկ է եղել: Ինչ դիրքորոշում ունեք այս հարցի շուրջ:

– Միանգամից ասեմ, որ մենք կարծում ենք`ընդդիմադիր ուժերը պետք է առաջին հերթին համատեղեն ջանքերը`ընտրությունների օրինականությունն ապահովելու գործում: Սա հստակ է, այստեղ պետք է համատեղել ջանքերը: Եվ իհարկե, մենք կողջունենք նաև միավորման գործընթացները: Սա քննարկումների, բանակցություննների հարց է: ՀԺԿ-ն կանդրադառնա այս հարցերին ավելի ուշ, բայց բոլոր դեպքերում իհարկե ողջունելի կլինի, և մենք կողջունենք միավորման գործընթացները: Բայց, իհարկե դա պետք է լինի բնականոն գործընթաց, արհեստական դաշինքները ոչինչ չեն տա:

– Դուք նշեցիք, որ պետք է համատեղվեն ջանքերը`ընտրությունների օրինականությունն ապահովելու համար: Դա հաջողվե՞ց անել դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ժամանակ: 

– Շատ լավ գիտեք, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցավ զանգվածային կեղծիքներով, չնայած իշխանություններն ասում էին, որ սահմանադրական փոփոխությունների անցկացումը կյանքի ու մահվան խնդիր չէ, գերխնդիր չէ: Բայց պարզվեց, որ լավ էլ գերխնդիր էր իշխանության համար, և խտրականություն չդրվեց միջոցների մեջ,  և օգտագործվեց կեղծիքների ողջ զինանոցը: Գիտեք, որ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն համատեղ շտաբ ստեղծեցին և որքան հնարավոր է պայքարեցին այդ կեղծիքների դեմ: Հանրաքվեն անցավ զանգվածային կեղծիքներով, և դա արձանագրեցին նաև միջազգային դիտորդները:

– ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ևս խախտումներ էր արձանագրել, իշխանությունները դաս կքաղե՞ն այս ամենից:

– Ես վաղուց եմ ասել`այս իշխանությունը և արդար ընտրություններն անհամատեղելի հասկացություններ են: Սա առաջին դեպքը չէ, որ ԵԱՀԿ-ն նման գնահատական է տալիս: Եվ հարցը նրանում չէ, թե ինչ գնահատականներ են տալիս: Առաջին հերթին մեր երկրի համար են պետք նորմալ ընտրություններ անցկացնել:

– Պարո՛ն Դեմիրճյան, իսկ ինչ սպասել մարտի 1-ի հանրահավաքին: Փաստորեն որոշվեց միասնական հանրահավաք անցկացնել:

– Երևի տեղյակ եք արդեն, որ կլինի համատեղ հավաք-երթ և համատեղ հայտարարություն:

– Իսկ ելույթներ լինելու՞  են, ձեր ելույթին սպասենք: 

– Ելույթներ չեն լինելու, կլինի հայտարարություն:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս