ԻՍԿ ՄԵԾ ՁԿՆԵՐԸ ԴԵՌ ԼՈՂՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այն, որ տարիներ շարունակ մեր ազգային հարստություն համարվող Սեւանա լիճը բառի ամենաուղիղ իմաստով թալանվում է, վաղուց նորություն չէ: Տարօրինակն այն է, որ մալուխ գողացողն անմիջապես կալանավորվում է մեր երկրում, իսկ զանգվածային ձկնգողությունը մնում է անպատիժ: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ձկնգողությունը համարում է “Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի գործառույթը, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ նշանակված, բայց վաղուց թոշակառու Աշոտ Գնդոյանն էլ ժամանակ չունի Սեւանի խնդիրներով զբաղվելու: Արդյունքում՝ ՀՀ ոստիկանությունն է երբեմն-երբեմն հիշում մանր ձկնգողերին: “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ օրերս Գեղարքունիքի մարզի Արծվանիստ կոչվող լճափի մոտ 33-ամյա Գոռ Գվիդոնյանը սիգ տեսակի ձուկ եւ խեցգետին որսալիս ձերբակալվել է: Հետաքրքիր է, ինչո՞ւ չեն կալանավորվում այն գյուղաբնակները, որոնք հստակ պատվերների շրջանակներում դիմակներով մտնում են լիճ ու որսում անսահման քանակությամբ սիգ: Հենց նրանց գործունեության արդյունքում է, որ Սեւանա լճի ձկների ընդհանուր կենսազանգվածը 2005-2012թթ. կտրուկ նվազել է: Իսկ սիգի կենսազանգվածը նշված ժամանակամիջոցում նվազել է 100 անգամ. 2005թ. հաշվարկվել է 600 տոննա, իսկ 2012թ. մնացել է ընդամենը 6,5 տոննա: Ու այսքանից հետո Բուլկի Արամը շարունակում է հեծանիվ քշել:
“Ժողովուրդ” օրաթերթի 568 համար




Լրահոս