«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում հնչեցին Տիգրան Մանսուրյանի գործերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ հոգվույս հոգի» խորագրի ներքո «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ համերգ բաղկացած խոշորագույն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ ալտի համար գրած ստեղծագործություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ալտի երեկոն կոմպոզիտորի և ալտահար Յանա Դարյանի մտահղացման արդյունք էր: Համերգին մասնակցեցին նաև դաշնակահար Լուսինե Հակոբյանը, ջութակահարուհի Անի Կարապետյանը, մեցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը, թավջութակահար Կարեն Քոչարյանը:

Տիգրան Մանսուրյանը համերգի և երկրորդ բաժնի մեկնարկին հակիրճ ներկայացրեց երեկոյի ընթացքում կատարվելիք ստեղծագործությունները: Միջոցառման ընթացքում հնչեցին կոմպոզիտորի «Ձոն Լոտոսին», Լարային տրիո, «Չորս Հայրեն» (փոխադրություն ալտի և դաշնամուրի համար), Եկեղեցական սոնատ, ստեղծագործությունները: Առաջին անգամ կատարվեց ով ձայնի, ալտի և դաշնամուրի համար գրված «Գիշերերգը» (խոսք՝ Ավետիք Իսահակյանի):

Քուչակյան «Չորս Հայրեն». փոխադրություն ալտի և դաշնամուրի համար գործն ալտահարուհու հետ հնչեցրեց Տիգրան Մանսուրյանը. հեղինակն այստեղ հանդես եկավ որպես դաշնակահար:

Նշանավոր կոմպոզիտորն իր երախտագիտությունը հայտնեց Դարյանին` տարիներ շարունակ ալտին վերաբերող խորհուրդներով իրեն աջակցելու համար:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, միանգամայն նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, որ կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և համաշխարհային երաժշտական այլ կենտրոններում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի, թատերական և հեռուստատեսային ներկայացումների համար:




Լրահոս