Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումները թեւակոխել են կարեւոր փուլ, որի ընթացքում իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք ականջալուր են ընդդիմության եւ քաղհասարակության ներկայացրած պահանջներին ու առաջարկներին: Սական, կարծես թե, երկրորդային կարեւորության եւ ակնհայտորեն անհեթեթ թվացող դրույթների դեպքում: Իսկ, ահա, իշխանությունների վերարտադրությունն ապահովող դրույթների դեպքում նախագծի հեղինակներն անդրդվելի են:
Նոր ընտրական օրենսգրքի նախագծում հնարավոր փոփոխությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ընդդիմությունը պահանջում է հրապարակել ստորագրված ընտրացուցակները, ինչը Դուք կտրուկ բացառում եք: Հնարավո՞ր է՝ որպես այլընտրանքային տարբերակ ամրագրվի, որ ընտրություններին կարելի է մասնակցել բացառապես նույնականացման քարտերով, եւ բոլոր ընտրողներին նույնականցման քարտեր բաժանվեն, ինչի արդյունքում ցուցակներն ինքնաբերաբար կզտվեն:
-Հնարավոր է: Ամեն ինչը ռեսուրս է, գումար, եթե գտնվեն կազմակերպություններ, որոնք մեզ կաջակցեն, ապա, բնականաբար, մենք եւս կնախընտրենք, որպեսզի յուրաքանչյուր ոք ունենա նույնականացման քարտ, այդպիսով վստահ կլինենք, որ քարտերը ստացել են, բնականաբար. նրանք, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, ավելին՝ այդ պարագայում էլեկտրոնային ստուգումը ավելի կհեշտանա:
-Իսկ ինչ կասեք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին համամասնական ցուցակներում ընդգրկելու պարտադիր պահանջի մասին, հնարավո՞ր է այն եւս վերանայվի, եւ ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը ԱԺ-ում այլ տարբերակով ապահովվի:
-Տարբերակները կարող են շատ լինել, բազում եղանակներ կան: Ուղղակի շատերը ապացուցել են իրենց անարդյունավետությունը: Ինձ թվում է, որ մենք առաջարկել ենք առավել նպատակահարմար տարբերակը: Խնդիրն այն է, որ կուսակցությունները առաջարկում են, որպեսզի պարտադիր չլինի ունենալ ազգային փոքրամասնություններ իրենց ցուցակում, մենք համաձայնվել ենք:
-Գործող ընտրական օրենսգրքով կուսակցությունը փաստացի կարող է ընտրատեղամասում ունենալ 2 ներկայացուցիչ՝ մեկը համամասնական, մյուսը մեծամասնական ընտրակարգով: Նոր տարբերակով, սակայն, Դուք առաջարկում եք ունենալ մեկը: Հնարավո՞ր է՝ թույլատրվի տեղամասերում 2-ական ներկայացուցիչներ ունենալ:
-Հնարավոր է, որ ընդունենք այդ առաջարկը:
-ԸՕ նախագիծը մշակելիս Դուք քննարկե՞լ եք ընտրատեղամասերում պարտադիր նկարահանում իրականացնելու հնարավորությունը, եւ ի՞նչ արդյունքներ կան այս մասով:
-Ես դա քիչ հավանական եմ համարում: Դա հնարավոր չէ երկրի ողջ տարածքում արդյունավետ կազմակերպել, սակայն քանի որ մեր գործընկեր Լեւոն Զուրաբյանն առաջարկեց 40 հազար դոլարով դա անել, ապա մենք պատրաստ ենք այդ 40 հազար դոլարը տրամադրել, որպեսզի նա այդ գործընթացը կազմակերպի:
-Պարո՛ն Հարությունյան, ԸՕ նախագծում ամենախնդրահարույցներից է 65 հոդվածի 7 կետը, որով սահմանափակված է լրագրողների եւ դիտորդների թիվը ընտրատեղամասում: Արդյո՞ք այս դեպքում եւս կվերանայեք Ձեր մոտեցումները:
-Լրագրողների թվի հետ կապված հիմա քննարկումները ընթանում են: Լրագրողները այլընտրանքային լուծում են առաջարկել, եւ, ամենայն հավանականությամբ, այն կընդունվի:
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան