Ռուսները փորձում են վերահսկել իրադրությունը. Շոյգուն շտապ մեկնում է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը դիվանագիտական շրջանակներից տեղեկություններ ստացավ այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը առաջիկա ժամերին կմեկնեն Բաքու` ադրբեջանական կողմի հետ բանակցությունների: Նույն աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմը հրադադարի ռեժիմի նոր պայմանգիր կնքելու առաջարկով հանդես կգա, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման առաջարկ կարվի: Այսպիսով, ռուսները փորձում են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել և հաստատել նոր հրադադադարի ռեժիմ:

Տեսնենք` ինչքանով կստացվի իրագործել ունեցած մտադրությունները: Հավելենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն է տրամադրել առ այն, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:

Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ: Հիշեցնենք, որ ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն այսօր կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):

Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ: Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր: Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 (“Գրադ”) հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:




Լրահոս