ՊՆ արձագանքը ազատամարտիկների հնչեցրած բողոքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին ամիսներին մի շարք նախկին ազատամարտիկներ և պահեստազորի սպաներ օգտվելով օրենքով իրենց ընձեռված իրավունքներից, կազմակերպում են բողոքի ելույթներ` պահանջելով բարելավել իրենց սոցիալ-կենցաղային պայմանները և սահմանել մի շարք այլ արտոնություններ:
Այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու նախարարության ղեկավար կազմը հանդիպել են նախաձեռնող խմբի հետ և մանրամասն քննարկել նրանց բոլոր առաջարկությունները: ՀՀ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ զոհված ու հաշմանդամ դարձած ազատամարտիկների և զորացրված զինծառայողների ընտանիքների սոցիալական ու առողջական խնդիրների լուծումը եղել ու շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը և գտնվում է խնդրին առնչվող գերատեսչությունների ու հատկապես պաշտպանության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Միաժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, պետք է ձևավորվի միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվելու է ազատամարտիկների բարձրացրած հարցերով: Համաձայն հանձնարարականի, ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերվող մասով աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով այսօր ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը և շահագրգիռ վարչությունների պետեր:
Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Մեծապես կարևորելով ազատամարտիկներին հուզող հարցերին համակարգված լուծումներ գտնելու, դրանք օրենսդրորեն կանոնակարգելու և ամրակայելու անհրաժեշտությունը, ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային խմբին հանձնարարել է համագործակցելով նախկին կամավորականների հետ, ճշտել նրանց ցուցակները, ապահովել պաշտպանության նախարարության ակտիվ մասնակցությունը օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը և գտնել սոցիալական խնդիրների լուծման արդյունավետ ուղիները:
Սակայն, ազատամարտիկների առաջադրած պահանջների վերլուծությունը վկայում է, որ խնդիրն ունի ինչպես սոցիալական, այնպես էլ բարոյահոգեբանական ենթատեքստ:
Որոշ պաշտոնյաների, հասարակության առանձին խմբերի անհոգի վերաբերմունքի պատճառով Արցախյան ազատամարտի բազմաթիվ մասնակիցներ, զոհված ու հաշմանդամ դարձած կամավորականների ընտանիքներ այսօր իրենց մոռացված ու անտեսված են զգում, այնինչ բոլորիս կողմից փոքր-ինչ ավելի սրտացավ ու հարգալից վերաբերմունքի դեպքում հնարավոր է լուծել մի շարք խնդիրներ:
Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը կողմ չէ ազատամարտիկների կողմից իրենց պահանջները բարձրաձայնելու համար հացադուլների և նստացույցերի դիմելու գործելակերպին և կոչ է անում կառուցողական երկխոսության ու ողջամտության շրջանակներում համատեղ աշխատանքի միջոցով գտնել առկա հարցերի լուծման ուղիները: Առավել ևս, որ հանրապետության իշխանությունները քաջ գիտեն ազատամարտիկների հոգսերն ու դժվարությունները և ամենօրյա մեծ աշխատանք են կատարում դրանք հնարավորինս թեթևացնելու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ նախկին կամավորականների, զինված ուժերի վետերանների ու զինծառայողների, նրանց հարազատների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների անդամների հետ աշխատելիս բոլորս հանդես կբերենք ավելի ուշադիր ու սրտացավ վերաբերմունք և կհիշենք Հայրենիք կերտելիս նրանց ունեցած ավանդի մասին:




Լրահոս