Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայաստանը ունեցել է հետախուզական տվյալներ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք ունեցել ենք համապատասխան տեղեկություն մեր հետախուզությունից, որը պարբերաբար տվյալներ է հավաքում հակառակորդի կազմի, տեղափոխությունների և նրանց հնարավոր գործողությունների մասին: Հենց դա է հայկական ուժերին օգնել դիմակայել հակառակորդին ամբողջ առաջնագծով և հասնել հաջողությունների»,- ասել է նա:
Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հակառակորդը չի կարողացել հասնել ռազմավարական հաջողությունների: Օպերատիվ ռազմավարական նախաձեռնությունը եղել է ԼՂ ՊՆ ձեռքերում` զինվորականների հերոսության հաշվին:
«Հաշվի առնելով տարբեր հետախուզադիվերսիոն գործողությունները և կրակոցները, դժվար է եղել հասկանալ, թե որ կողմից է սպասվում Ադրբեջանի հարձակումը»,-եզրափակել է նախարարը: