Ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի մարտիրոսված զինծառայողներից են նաեւ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչներ՝ Աղասի Ասատրյանը եւ Հենրիկ Ղահրամանյանը: Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Աղասի Ասատրյանին պատվով հուղարկավորել են: Իսկ Հենրիկ Ղահրամանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը՝ վաղը:
Նշենք, որ Աղասի Ասատրյանը ընտանիքի մինուճար որդին էր: Ըստ քաղաքապետի՝ զոհված երկու զինծառայողները սովորական, հասարակ ընտանիքի հերոս զավակներ են: Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը ArmLur.am-ին մեծ ցավով պատմեց, որ Հենրիկ Ղահրամանյանը պատերազմի դաշտում ընկերների դիերը տեղափոխելու ժամանակ է զոհվել. «Երեք ընկերների դիերը հանել է, իսկ չորրորդ ընկերոջ դին հանելու ժամանակ իրեն էլ են խփել…: Երկուսն էլ ուժեղ երիտասարդներ էին եւ ոչ մի գրամ վախ չունեին իրենց մեջ: Բոլորս էլ սգի մեջ ենք…: Երեկ Հենրիկի հայրը ստիպեց մեզ իրեն տանել անատոմիկ: Իսկ մինչ այդ՝ չէր հավատում, անընդհատ կրկնում էր՝ իմ տղան չի, պետք է տեսնեմ, որ համոզվեմ: Ասաց՝ կգնամ դուռը կջարդեմ, կմտնեմ ներս… Մենք չէինք ցանկանում տեսներ, բայց տեսավ… տեսավ ու համոզվեց…»,- մեծ ցավով պատմեց Մասիսի քաղաքապետը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ