Ըստ Ռուսական TASS լրատվական գործակալության` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին՝ այդ երկրի հետ ունեցած պայմանագրային պարտավորություններին համապատասխան։ Պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի` երեկ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանն արած հայտարարության մասին լրագրողի հարցին` Ռոգոզինն ասել է. «Ամեն ինչ պայմանագրերին համապատասխան է։ Մեզ համար երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»։
Այսպիսով` ի՞նչ է ստացվում. Հայաստանը, որ մինչ այս գոնե դե յուրե համարվում էր Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, այս մի քանի օրերի ընթացքում «սահուն կերպով» վերածվում է ռազմավարական գործընկերոջ: Դժվար թե, ՌԴ փոխվարչապետը չի գիտակցում, թե ինչ տարբերություն կա «ռազմավարական դաշնակցի» եւ «ռազմավարական գործընկերոջ» միջեւ:
Ընդգծենք, որ այսօր Բաքվում նույնաբովանդակ հայտարարություն է արել նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը` հավելելով, թե «Ռուսաստանի համար հավասարապես կարեւոր են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը»: Սա, իհարկե, կարելի էր ընկալել որպես դիվանագիտական հայտարարություն, եթե դրան զուգահեռ չհնչեր ռուսական զենքի վաճառքը շարունակելու վերաբերյալ Ռոգոզինի արդեն շատ կոնկրետ` ոչ դիվանագիտական հայտարարությունը:
Այսպիսով` Հայաստանի իշխանությունները դաշնակից Ռուսաստանից ստանում են ապտակը ապտակի ետեւից, ափսոս միայն, որ այդ ապտակների ցավը կրում են ոչ թե նրանք, այլ սահմանին իրենց կյանքը վտանգող հայ զինվորներն ու նրանց հարազատները: