Նախկինում տեղեկացրել ենք, որ դիլիջանցի ժամկետային զինծառայող Վլադիմիր Ալիխանյանը ապրիլի սկզբին զոհվել է Արցախի պաշտպանական մարտերում: Մի քանի օր նրա ծնողները, հարազատները այդ մասին լուր չունեին եւ տանջագին ապրումների մեջ էին: Ցավն ու անորոշությունն էր տիրում Դիլիջան քաղաքում: Դիլիջանից տեղեկացա, որ ժամկետային զինծառայող, 20-ամյա Վլադիմիր Վարուժանի Ալիխանյանի դին ապրիլի 7-ի երեկոյան Դիլիջան քաղաք է բերվել: Նրա հոգեհանգիստը կկայանա ապրիլի 8-ի երեկոյան, հուղարկավորությունը՝ ապրիլի 9-ին: Վ. Ալիխանյանը զորակոչվել է 2014թ. գարնանը, 2 ամսից պետք է զորացրվեր: Երիտասարդն ամուսնացած չէր:
Շարքային Վլադիմիր Ալիխանյանը հետմահու պարգեւատրվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության «Արիության համար» մեդալով: Նա տանկիստ էր, տանկային այդ անձնակազմը լավագույններից է եղել, բազմիս արժանացել հրամանատարության խրախուսանքներին: Դիլիջան քաղաքից հայտնեցին, որ տանկը հերոսական պայքարի մեջ է մտել, հակառակորդին մեծ վնասներ հասցրել, մինչեւ խոցվելը գրեթե սպառել տանկի զինանոցում եղած արկերը: Վ. Ալիխանյանի ընտանիքը բնակվում է Դիլիջան քաղաքի Թախտա թաղամասում գտնվող սեփական առանձնատանը, Վ. Ալիխանյանն ունի ծնողներ, եղբայրը 12-րդ դասարանում է սովորում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ