«Ճշմարտությունը միշտ էլ դառն է եղել քեզ համար». ադամանդագործը վստահեցնում է, որ սնանկացած գործարարը բեռը դրել է իր ուսերին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օֆշորային» սկանդալի գործով այսօրվա դատական նիստին ամբաստանյալ ադամանադագործ Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ չի ընդունում երեք դրվագներով իրեն առաջադրված մեղադրանքները, այն է՝ փողերի լվացում, հարկերից խուսափում և խարդախություն:

Աշոտ Սուքիասյանը բավականին ծավալուն ցուցմունք տվեց, ինչը նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանի գնահատմամբ՝ որևէ առնչություն չուներ գործի հետ:

Ինչևէ, ամբաստանյալը շարունակեց ներկայացնել իր պատմությունը՝ ասելով, թե գործով տուժող, սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանն փորձել է իրեն թալանել: Ադամանդագործի խոսքով՝ ինքն երբևէ չի ճանաչել Փայլակ Հայրապետյանին, միայն լսել է, որ նման մարդ կա. «Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ժողովից հետո ինքն է ինձ մոտեցել, խնդրել, որ համագործակցենք: Ես միշտ իրեն մերժել եմ, ու ինը ամիս հետո նոր գործարքը կնքել ենք՝ 70/30 պայմանով»:

Պաշտպանի հարցին՝ ինչո՞ւ նախարարությունում հավաքված գործարարներից հենց Փայլակ Հայրապետյանը ցանկություն հայտնեց համագործակցելու, ամբաստանյալը պատճառաբանեց, թե 75 տարեկան մարդը, որ շատ վատ վարկային պատմություն ունի, իր նման մեկին պետք է գտներ ու ողջ բեռն ուսերին դներ:

Այս ընթացքում Փայլակ Հայրապետյանը պարբերաբար միջամտում էր, թե ադամանդագործը սուտ է խոսում, ապա նկատողություն էր ստանում դատարանի կողմից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

ofshor

Վերջում հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսից ՀՀ քննչական գխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործարար Ա. Սուքիասյանին ձերբակալել էին նախորդ տարվա փետրվարի 1-ին` Թուրքիայից Վրաստան ժամանման ընթացքում, իսկ արտահանձնման մասին որոշումը Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել էր հունիսի 3-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2009-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպության միջև, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր՝ 33 մլն դոլար արժողությամբ ամբողջ անշարժ գույքը և «Ամերիաբանկ»-ից ստացած մոտ 10 միլիոն դոլարը տվել էր Աշոտ Սուքիասյանին: Վերջինս, այդ գումարը վերցնելով, փախել էր Հայաստանից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:




Լրահոս