«ԷՄՓԻՐԵՅ» ՌՈՔ ԽՈՒՄԲԸ ՆՈՐ ՄԵՆԱԿԱՏԱՐ Է ՓՆՏՐՈՒՄ

«ԷՄՓԻՐԵՅ» ՌՈՔ ԽՈՒՄԲԸ ՆՈՐ ՄԵՆԱԿԱՏԱՐ Է ՓՆՏՐՈՒՄ

Ինչպես հայտնի է` ապրիլի 2-ից իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կտրուկ սրվել էր. Ադրբեջանն անցում էր կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով: Ու թեեւ ապրիլի 5-ին կողմերի միջեւ ձեռք բերվեց կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն, դրանից հետո էլ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Այս օրերին ամեն մեկն իր գործունեության շրջանակում եւ հնարավորությունների չափով փորձում է սատար կանգնել հայ զինվորին: Մենք երգահան, «Էմփիրեյ» ռոք խմբի անդամ Գիսանե Պալյանի հետ զրուցել ենք պատերազմի վերաբերյալ ռոքի լեզվով խոսելու անհրաժեշտության մասին: Անդրադարձել ենք նաեւ խմբի ներսում ծագած մասնագիտական խնդիրներին:

-Գիսանե՛, «Էմփիրեյ»-ը բանակին վերաբերող մի շարք երգեր ունի: Վերջիններից մեկն էլ «Սահմանին» սերիալի համար Ձեր հեղինակած ստեղծագործությունն է: Այս օրերին ելույթներով հանդես կգա՞ք:
-Կարծում եմ, որ ռոքը շատ ուժեղ մարդու, անհատի երաժշտություն է, որն այս ժամանակահատվածում կարող է ոգեշնչել եւ բարձրացնել մարտական ոգին: Մարտական թեմաներով կան բազմաթիվ ռազմահայրենասիրական, այդ թվում` քայլերգային երգեր, եւ ռոք ժանրի գործերն այս պարագայում հետաքրքիր այլընտրանքային տարբերակներ են: Մենք մեր բոլոր համերգների ընթացքում անպայման կատարում ենք բանակին առնչվող երգեր, եւ դա ողջունվում է հանդիսատեսի կողմից: Եթե նույնիսկ հենց այդ թեման չենք արծարծում, ապա անուղղակիորեն մոտենում ենք դրան: Հիմա պատրաստում ենք մի ծրագիր, որով, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին հանդես կգանք համերգով: Ունենք նաեւ շատ երգեր, որոնք ենթակա են ձայնագրման, պատրաստվում ենք թողարկել նոր ձայնասկավառակ: Պարզապես խմբի ներսում հարցեր կան, որոնք անպայման պետք է լուծել:
-Ի՞նչի մասին է խոսքը, գուցե խնդիրը կապված է մենակատարի՞ հետ: 2013-ից հետո, երբ խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը մեկնեց ԱՄՆ, Դուք մի քանի էքսպերիմենտներ արեցիք: Նրան նախ փոխարինեց Եվա Սուջյանը, ապա` Սուրեն Պողոսովը: Գուցե այս վերջին փո՞րձն էլ հաջողությամբ չպսակվեց:
-Այո, հիմնականում այդ հարցն է. մենակատարի հետ համագործակցությունը թերեւս ավարտվեց: Մեր միջեւ առկա էին ոչ թե անձնական խնդիրներ, այլ զուտ երաժշտական ճաշակին առնչվող: Հիմա փորձում ենք հասկանալ, թե վոկալիստին ով կարող է փոխարինել: «Էմփիրեյ»-ն ունի իր հստակ դեմքը, ձեռագիրն ու ասելիքը: Մեզ սիրեցին այնպիսին, ինչպիսին մենք կանք, եւ հանդիսատեսը պահանջում է իրեն ծանոթ գործունեության շարունակություն: Մեզ պետք է մեր երգերի անզուգական կատարող Սարգսի նման մեկը, ով լիովին կկիսի խմբի անդամների երաժշտական ճաշակը: Ընտրությունը դժվար է, բայց արդեն ունենք թեկնածուներ: Տեսնենք` ինչ կստացվի:
– «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Պրեմիերա» նախագծի երաժշտական պրոդյուսերներից եւ ժյուրիի անդամներից մեկն եք: Երրորդ եթերաշրջանին մասնակցող երգահաններն ի՞նչ արդյունք ցուցաբերեցին: Կարողացա՞ն Ձեզ գոհացնել:
-Այս ասպարեզի ներկայացուցիչները լավ գիտեն, թե ինչ դժվար ճանապարհ է անցնում երգը, մինչեւ որ սաղմնային վիճակից ծնունդ է առնում: Դրա իրականացումը շատ մեծ գումարների հետ է կապված, եւ, բնականաբար, ամեն մեկը չէ, որ ունի համապատասխան հնարավորություններ: Ուստի «Պրեմիերա»-ն լավ դրսեւորվելու համար հարմար հարթակ է: Ես վստահ եմ, որ մենք շատ լավ երգահաններ ունենք, պարզապես ցավ եմ ապրում, որ ոչ բոլորն են մասնակցում նման ծրագրերի: Կցանկանայի` ավելի մեծ թվով ստեղծագործողներ ներգրավված լինեին նախագծում: Հուսանք, որ ժամանակի ընթացքում հենց այդպես էլ կլինի:

 

 

 
«ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՁՈՒԼՎԵՆ ԴՐՈՒԹՅԱՆԸ»

«The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տարբեր առիթներով խոսել է հայ եւ թուրք ժողովուրդներին բարեկամացած տեսնելու իր մեծ ցանկության մասին: Նրան, առհասարակ, մշտապես մտահոգել են Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ:

Մենք Անդրեի հետ փորձել ենք պարզել` հնարավոր է արդյոք խոսել ժողովուրդների բարեկամության մասին վերջին օրերին Ղարաբաղի դեմ ադրբեջանական կողմի սանձազերծած փաստացի պատերազմի ֆոնին: Անդրեի համոզմամբ` այս պարագայում խնդիրը ժողովուրդների մեջ չէ, այլ, օրինակ, Թուրքիայի կառավարության, որն ամեն կերպ սատարում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, իսկ ժողովուրդների բարեկամությանը նա, ամեն դեպքում, հավատում է:
Մեր այն հարցին, թե որքանով է ստեղծված իրավիճակում կարեւորում արվեստագետի խոսքը, Անդրեն պատասխանեց. «Այս պարագայում ոչ այնքան կարեւոր է մեր խոսքը, որքան` գործը: Հայաստանում խոսք ասողները բավական շատ են: Ինձ թվում է` արվեստի ոլորտի ամեն մարդ պետք է փորձի ձուլվել դրությանը: Օրինակ` լռության երթը` ի հիշատակ զոհված զինվորների, պետք է, բայց նաեւ հարկավոր է օգնել սահմանում կանգնած զինվորին: Հուշ-երեկոներ, տարբեր նմանատիպ միջոցառումներ կարելի է անել այն ժամանակ, երբ մեր երկրի մի շարք բացթողումներ, խնդիրներ լուծված կլինեն, իսկ մենք գլոբալ խնդիրներ ունենք լուծելու, պարտականություններ ունենք կատարելու»:
Նա նաեւ նշեց, որ զոհված զինվորներից մեկի ընտանիքին սատարելուն ուղղված մի նախագիծ է պատրաստվում իրականացնել, որի վերաբերյալ փակագծերը բացել դեռ չցանկացավ:
Ռոք երգիչը, խոսելով վերջին օրերին ստացած դասերի մասին, նկատեց, որ լավ կլինի, եթե մեր ժողովուրդը առօրյայում նույնքան զգոն եւ միաբանված լինի, որքան «կատաստրոֆիկ իրավիճակներում»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
«ԱՆՆԱ ԿԱՐԵՆԻՆԱ»-Ն` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնը «Աննա Կարենինա» ներկայացմամբ ապրիլի 11¬ին անդրկովկասյան շրջագայություն է սկսում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»¬ը, պետերբուրգցիների հյուրախաղերը ապրիլի 12¬ից մինչեւ 16¬ը տեղի կունենան Երեւանում եւ Թբիլիսիում: «Մեր թատերախումբը զրկված չի եղել հանրության սիրուց, այդուամենայնիվ, մենք առանձնակի ջերմությամբ ենք հիշում այն ֆանտաստիկ ընդունելությունը, որին երկուսուկես տարի առաջ մեզ արժանացրին Հայաստանի եւ Վրաստանի հանդիսականները»,¬ ուղեւորությունից առաջ ՏԱՍՍ¬ին ասել է Բորիս Էյֆմանը: «Պարը, հիրավի, հոգեւոր շփման եզակի միջոց է, որը միշտ Էլ մարդկանց օգնում է փոխըմբռնման հասնել: Մենք հաճույքով ենք վերադառնում Երեւան եւ Թբիլիսի «Աննա Կարենինայով», որը ներկայացնում է Ռուսաստանի ժամանակակից բալետային արվեստը եւ առավել ամբողջականորեն է բացահայտում մեր թատրոնի գեղագիտական անհատականությունը»,¬ ընդգծել է Էյֆմանը: Նա նշել է, որ երեւանյան ներկայացումները կդառնան Հայաստանում Ռուսաստանի օրերի բաղկացուցիչ մասը, որոնք անցկացվում են ԱՊՀ¬ի 25¬ամյակի շրջանակներում: Նշենք, որ պետերբուրգցիներին տրամադրված է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմը:

 

 

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Իսպանիայում երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը: Ցավալի լուրը Bravo.am-ին հայտնել է նրա եղբայրը` Դավիթ Թադեւոսյանը: Ռեժիսորը հուլիսի 19-ին կդառնար 41 տարեկան:
Հիշեցնենք, որ Սուրեն Թադեւոսյանը հեղինակել է 16 հեռուստանախագիծ, 2 հեռուստասերիալ: Նա նկարահանել է ավելի քան 80 երաժշտական, 100 գովազդային տեսահոլովակ: ԱՄՆ-ի «Գոլդեն Սթար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Արսեն Սաֆարյանի «Հուշերի քաղաք» տեսահոլովակի համար արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ», իսկ 2010թ.` «Տարվա լավագույն ռեժիսոր» մրցանակներին: 2011թ. Իսպանիայի Բիլբաո քաղաքի կինոփառատոնի ժամանակ էլ ռեժիսորն արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի սցենար» մրցանակին:

 

 

ԱՆԿԵՂԾԱՑԵԼ Է
80-ամյա Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը` Վիտալինա Ցըմբալյուկ- Ռոմանովսկայան, լրատվամիջոցների հետ անկեղծացել է` խոսելով դերասանի հետ իր սիրային հարաբերությունների մասին: Նա պատմել է, որ Ջիգարխանյանին առաջին անգամ տեսել է 16 տարեկանում, թատրոնում եւ անմիջապես սիրահարվել նրան: «Այդ ժամանակ հասկացա, որ կցանկանայի միշտ լինել այդ մարդու հետ»,- Ցըմբալյուկ-Ռոմանովսկայային մեջբերում է «ԺվՌ»-ն: Նա նաեւ հավելել է, որ ձգտում է անել հնարավորը, որպեսզի դերասանն իր կողքին լավ ու հարմարավետ զգա: Ավելի վաղ Ջիգարխանյանը, խոսելով իր եւ Վիտալինայի մասին, նշել էր. «Այո՛, ես ինձ երջանիկ եմ համարում, բայց դա ձեր գործը չէ: Սա իմ կյանքն է, իմ տառապանքներն ու տխրությունները»: Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինա Ցըմբալյուկ-Ռոմանովսկայան ամուսնացել են այս տարվա փետրվարի 25-ին: