ԵՄ-ն պետք է ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերի. ԵԽ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել ղարաբաղա-ադրբեջանական պատերազմական գործողությունների շուրջ եվրոպացի պատգամավորների տեսակետները: Քառօրյա պատերազմի դրդապատճառների եւ հետեւանքների շուրջ այս անգամ զրուցել ենք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամ, Եվրախորհրդարանի ֆինն պատգամավոր Հեյդի Հոթալանի հետ:

«Բռնության վերջին պոռթկումը, փաստացիորեն, ուշադրություն հրավիրեց սառեցված պատերազմին, որը երկար ժամանակ է՝ մոռացվել էր միջազգային հանրության կողմից: Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք ԵՄ արեւելյան գործընկերության ծրագրի մի մասն են, արդեն 30 տարի է՝ մնացել են նույն տեղում եւ ստվեր գցել Հյուսիսային Կովկասի վրա՝ տարածաշրջանում մարդկանց դարձնելով խոցելի եւ անորոշ»,- ընդգծում է ֆինն քաղաքական գործիչը:

ԵԽ պատգամավորի դիտարկմամբ` հակամարտությունը սրվեց ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի կողմից, որոնք փորձեցին հետեւել իրենց շահերին՝ անուղղակիորեն ազդելով կողմերի վրա:

«Ստատուս քվոն լուծում չէ: Նոր եւ համոզիչ ջանքեր են անհրաժեշտ բռնության այս շրջանակը կոտրելու համար, որը խելամիտ կարգավորման ճանապարհին խոչընդոտ է որեւէ առաջխաղացման համար: Եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը հենց սկզբից էր լիազորված՝ միջամտելու եւ համակարգելու բանակցությունները, պետք է ապացուցի իր արդյունավետությունը»:

Հեյդի Հոթալանի կարծիքով` իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար պետք է դադարեցվի սպառազինությունների մրցավազքը:

«Սա դարձել է ամենառազմականացված տարածաշրջանը աշխարհում: Ռուսաստանը զենք է մատակարարում երկու կողմերին էլ: Երկու երկրների պաշտպանության բյուջեն շարունակում է աճել՝ չնայած տարածաշրջանում տնտեսական դժվարություններին: Սա պետք է ավարտվի, եւ այս իրավիճակում լավագույն տարբերակը շփման գծում ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի տեղակայումն է՝ ըստ այդմ, տարածքը ապառազմականացնելով եւ ծանր զրահատեխնիկան 15-30 կմ հեռացնելով»:

Պատգամավորի խոսքով՝ երկու կողմերն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է զարգացնեն եւ համաձայնեցնեն հետաքննության մեխանիզմները, որոնց միջոցով կդիտարկվեն հրադադարի խախտումները:

«Մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ստորագրեն եւ վավերացնեն Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, որը Հայաստանը ստորագրել է, սակայն չի վավերացրել, իսկ Ադրբեջանը ընդհանրապես ոչ մի բան չի արել: Հաջողության հասնելու համար յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է ուղեկցվի վստահության հաստատմանն ուղղված արժանահավատ միջոցներով: Այս առնչությամբ երկու երկրների առաջնորդները պետք է դադարեցնեն անել ատելություն եւ զայրույթ սերմանող հայտարարություններ եւ վերսկսեն երկխոսություն բոլոր մակարդակներում:

Ադրբեջանը պետք է հեռացնի բոլոր իրավական խոչընդոտները, որոնք արգելում են ադրբեջանական ՀԿ-ներին համագործակցել հայաստանյան ՀԿ-ների հետ: Իսկ ԵՄ-ն, վերջապես, պատասխանատվություն ստանձնի եւ ավելի արդյունավետորեն ներգրավվի կոնֆլիկտի լուծման հարցում՝ տարածաշրջանի բոլոր սառեցված կոնֆլիկտների հարցում որդեգրելով ավելի կայուն մոտեցում եւ խուսափելով երկակի ստանդարտներից»,- եզրափակեց ԵԽ պատգամավորը:

Սյուզի Մուրադյան




Լրահոս