«Տարիներով կեթաս». Երևանի ոստիկանապետը սպառնացել է Շահեն Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակտիվիստ Շահեն Հարությունյանը սոցցանցի իր էջի միջոցով հայտարարություն է տարածել և տեղեկացրել, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը նրան սպառնացել է:

«Երեկ գիշերը՝ մոտ 1 ժամ, գտնվել եմ Երևանի ոստիկանական վարչությունում։ Հանրահավաքից հետո մտել ենք Երևանյան պանդոկ, որտեղից դուրս ենք եկել երկու ժամ անց՝ ժամը 23.30-ի սահմաններում։ Մոտեցել են ոստիկանները և տեղեկացրել, որ Երևանի ոստիկանապետը ցանկանում է զրուցել իմ հետ։ Գնացինք ոստիկանություն։ Մոտ մեկ ժամ սպասելուց հետո սկսվեց մեր զրույցը։ Զրուցն ընթացավ՝ առանց մորս և այլ ոստիկանների։

Նրանց դուր չէր եկել այն փաստը, որ ես քննադատական ելույթներ եմ ունեցել, ինչպես նաև այրել եմ Սերժի, Ալիևի ու Պուտինի նկարները։ Իրեն ասեցի, որ ես այրել եմ դավաճանների նկարներ։ Զգուշացնում էր ինձ՝ իմ «վզին փաթաթվող» խնդիրների մասին ու նշում, որ սա վերջին զգուշացումն է։ Ես ասեցի, որ պայքարում եմ ու չեմ վախենում խնդիրներից։ Ասեց չես էլ կարող խուսափել՝ «տարիներով կեթաս»։
Վստահեցրի նրան, որ հետ չեմ կանգնելու իմ պայքարից և գաղափարներից։ Ասում էր, որ ես երկրի վարկանիշի հետ եմ խաղում։ Ասում էր՝ «դու էնքան փոքր մարդ ես, որ խաղաս»։

Ասեց, որ պետք չի թշնամացնել ամեն ինչ։ Իսկ ես ցույց տալով իր գլխավերևում կախված նկարը (Սերժ Սարգսյանի), նշեցի, որ ես այդ նկարի անձնավորության մեջ թշնամի եմ տեսնում։ Մի խոսքով սիրելի հայրենակիցներ ջան։ Ինձ իմ պայքարում չի կաշկանդում 4 տարվա պայմանական ազատազրկումը։ Նրանք ցանկանում են ինձ հետ պահել պայքարից և գաղափարներից։

Կոչ եմ անում բոլորին։ Չհուսահատվել, չընկճվել, միանալ պայքարին, ձգտել հաղթանակի, նվիրվել և այդ պայմաններում՝ հաղթանակն անխուսափելի կլինի։
Կեցցե ազատ և անկախ Հայաստանը։ Կեցցե արժանապատիվ մարդը։ Կեցցե այն Հայաստանը, որը մենք ենք կերտելու», – գրել է նա։




Լրահոս