Թալիշի և Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակահերթ է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ հակառակորդն այսօր կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Մեզ հասած տեղեկություններով՝ այս պահին իրավիճակն առավել լարված է Մատաղիսի և Թալիշի սահմանին, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր են կիրառում հայ դիրքապահների ուղղությամբ:

Մեր տեղեկությունը փորձեցինք պաշտոնապես ճշտել: ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմը մի վիրավոր ունի, այս պահի դրությամբ որոշակի կրակոցներ կան: Ա. Հովհաննիսյանն այլ տվյաներ չուներ: Իսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հորդորեց ամեն տեղեկության չհավատալ՝ հավելելով, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լուրջ միջադեպեր տեղի չեն ունեցել, ամեն բան կարգին է:

Պաշտպանական բանակից տեղեկություններ ստանալ դեռևս չհաջողվեց:

Վերջում հավելենք, որ այսօր hraparak.am-ը տեղեկություն է տարածել այն մասին, որ Սերժ Սարգսյանը հրատապ այց է կատարել ՊՆ. Արցախից հայտնել են, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժ է եղել:

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր՝ ապրիլի 23-ին, երկրի ԶՈՒ հրամկազմի օպերատիվ խորհրդակցության ընթացքում հայտարարել է. «Ադրբեջանի Զինված ուժերի առջեւ խնդիր է դրված՝ պատրաստ լինել երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուն: Մեզանից դա է սպասում կառավարությունը, դա է պահանջում ժողովուրդը: Դրա համար մենք բոլոր հնարավորություններն ունենք՝ տնտեսական, ֆինանսական, ռազմական, ժողովրդագրական: Ամբողջ անձնակազմը՝ զինվորից մինչեւ գեներալ, պետք է պատրաստ լինեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար մարտերին»:




Լրահոս