Ֆինանսների նախարարությունը վատնել է պետական միջոցները. միևնույն է` անպատիժ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը անցած տարի մարտի 16-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում վերահսկողություն է իրականացրել ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկում: ՎՊ-ն ստուգել է, թե ինչպես են ծախսվել համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային դրամաշնորհները եւ դրանց շրջանակներում հատկացված պետբյուջեի միջոցները:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՎՊ-ն ուսումնասիրել է «Ֆայն» ՍՊԸ-ի կողմից մատակարարված ապրանքների գները, որի համար հիմք են հանդիսացել տեղական եւ միջազգային շուկայում առկա մանրածախ գները:

Այսպես՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ գործակալության քաղաքացիական կացության ակտերի էլեկտրոնային կառավարման համակարգի համար համակարգչային սարքավորումների ձեռք բերման նպատակով, «Ֆայն» ՍՊԸ-ի հետ կնքվել է մոտ 116 մլն դրամ գումարի պայմանագիր: Կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ փաստացի գնումը կատարվել է մանրածախ շուկայական գներից շուրջ 17.6 տոկոսով կամ 17 մլն 360 հազար դրամ թանկ գներով:
Բացի այս՝ ուսումնասիրվել են ՀՀ նախարարությունների եւ մարզպետարանների ներքին համակարգչային ցանցի սարքավորումների մատակարարման եւ տեղադրման նպատակով «Ֆայն» ՍՊԸ-ի հետ կնքված մոտ 319 մլն դրամ գումարի պայմանագրով մատակարարված ապրանքների գները: Օրինակ՝ պայմանագրի շրջանակներում իրականացվել է ավելի քան 281 մլն դրամ արժեքով սարքավորումների գնում: Իսկ ՎՊ-ի կողմից իրականացված շուկայական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքների մանրածախ շուկայական գները կազմել են ավելի քան 234 մլն դրամ, այսինքն՝ փաստացի գնումը կատարվել է մանրածախ շուկայական գներից շուրջ 19.7 տոկոսով կամ ավելի քան 46 մլն դրամ թանկ գներով:

«Ֆայն» ընկերությունը ՎՊ-ին տրամադրել է որոշակի փաստաթղթեր, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված պայմանագրի շրջանակներում մատակարարված ավելի քան 281 մլն դրամի ապրանքների ձեռք բերման գինը կազմել է մոտ 209 մլն դրամ, որն 72 մլն 755 հազար 200 դրամով ավել է պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքների գներից: Ընդ որում, մատակարարված ապրանքներից շուրջ 62.4 տոկոսը ձեռք է բերվել տեղական շուկայից:

Իսկ, ահա, ծրագրի շրջանակներում վերելակի ձեռք բերման մրցույթի ուսումնասիրությունից ՎՊ-ն պարզել է, որ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայի «Մայքրոսոֆթ Ինովացիոն» կենտրոնի վերելակի մատակարարման եւ տեղադրման համար հրավերքներ է ուղարկվել 8 ընկերությունների, որոնցից հայտ են ներկայացրել 4-ը՝ «Քաղվերելակ Մոնտաժ Նորոգ» ՓԲԸ (սեփականատերեր՝ Օհանյան Ռաֆայել 50%, Գաբուզյան Արմեն Արտյոմի 50%) «Վերելակ մոնտաժ» ՍՊԸ (Գաբուզյան Արտյոմ 51%, Կիրիկյան Միքայել 49%), «Էլիվեյթոր» ՍՊԸ (Կարապետյան Արթուր 50%, Գաբուզյան Արտյոմ 50%) եւ «Գլոբալ Լիֆտ Կոմպլեկտ» ՍՊԸ (Սարոյան Արմեն 100%):
Ստացվում է, որ մրցույթին մասնակցած թվով 4 կազմակերպություններից 3-ի սեփականատեր է հանդիսանում Արտյոմ Գաբուզյանը: Արդյունքում, մրցույթի հաղթող է ճանաչվել «Վերելակմոնտաժ» ՍՊԸ-ն՝ 18 մլն 720 հազար դրամ գնառաջարկով, որի հետ 2014 թվականի ապրիլի 17-ին էլ է կնքվել պայմանագիր: Սակայն ըստ ՎՊ-ի՝ «Վերելակ մոնտաժ» ՍՊԸ-ի կողմից մրցույթին ներկայացված վերելակի արժեքը 5 մլն 280 հազար դրամով ավել է վերելակի շուկայական արժեքից:

Բացի այս՝ ՎՊ-ն ուսումնասիրել է նաեւ «Էլեկտրոնային հասարակության եւ նորարարության համար մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում 6 մրցութային փաթեթների (գումարը՝ մոտ 1 մլն 200 հազար դոլար) նախահաշվային գները: Ի դեպ, ծրագրի իրականացման պատասխանատուն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն է, որի կողմից էլ ձեւավորվել են նախահաշվային գները: Արդյունքում՝ երկու մրցույթներում հաղթող մասնակիցները շահել են 26 հազար 942 դոլար կամ 18.1 տոկոսով նախահաշվային գնից ավելի ցածր գնով:

Երկու մրցույթներում (351 հազար 900 դոլար) հաղթած մասնակիցների հայտերը էականորեն համապատասխանել են մրցութային փաթեթներում սահմանված պահանջներին եւ գնահատվել են որակավորված՝ պայմանագրերը բավարար կերպով կատարելու համար, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտի գինը զգալիորեն գերազանցում է գնահատված արժեքը՝ մի դեպքում 64 տոկոսով, մյուս դեպքում՝ 255 տոկոսով, գնահատող հանձնաժողովները որոշում են կայացրել մերժել հայտերը եւ առաջարկել պատվիրատուներին մրցույթները չեղյալ հայտարարել:
Մեկ մրցույթ (297.5 հազար դոլար) չեղյալ է համարվել, քանի որ մրցույթի մասնակիցներից մեկի փաթեթում բացակայում էր հայտի երաշխիքը:

Այն, համաձայն Համաշխարհային բանկի կողմից սահմանված գնումների ընթացակարգերի, համարվում է հիմնական բացթողում՝ ելնելով հայտի ապահովման անհրաժեշտությունից: Ուստի գնահատող հանձնաժողովը միաձայն որոշել է մերժել հայտը: Ըստ ՎՊ-ի՝ երկրորդ մասնակցի հայտը համարվել է ըստ էության ոչ համապատասխանող, քանի որ հայտում առկա էական շեղումը համարվել է անընդունելի եւ որոշվել է մերժել հայտը որպես տեխնիկապես չհամապատասխանող: Իսկ մեկ մրցույթ դեռեւս գտնվում է մրցութային գործընթացի փուլում: Ի դեպ, ծրագիրն իրականացնող շահառուների կողմից ներկայացվել են պարզաբանումներ եւ առարկություններ, որոնք ՎՊ-ի կողմից չեն ընդունվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս