Պայմանագրային զինծառայող դառնալը գործազրկության հաղթահարման միջո՞ց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ոչ քիչ թվով քրեական գործեր են քննվում, որոնք առնչվում են պայմանագրային զինծառայողների կողմից ծառայության վայր չներկայանալուն եւ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելուն: Պայմանագրային զինծառայողների վրա կարեւոր պարտականություն է դրված, նրանք սովորաբար ծառայում են Ադրբեջանի հետ սահմանագոտում, կոչված են պաշտպանելու առաջնագիծը: Մինչդեռ պայմանագրային զինծառայողների ոչ բարձր աշխատավարձը պատճառ է դառնում, որ նրանց մեջ լինեն անձինք, ում համար պայմանագրային զինծառայող դառնալը գործազրկության հաղթահարման միջոց է, իր ընտանիքը կերակրելու վերջին հնարը: Պայմանագրային զինծառայողների աշխատավարձի որոշակի բարձրացումը թույլ կտար, որպեսզի ընտրություն կատարվեր պայմանագրային զինծառայող դառնալ ցանկացողների միջեւ, եւ հայրենիքի պաշտպանությունը ստանձնեին կրթական, բարոյական ավելի բարձր որակներ ունեցող անձինք:

Ահավասիկ, պայմանագրային զինծառայողի կողմից ծառայության վայր չներկայանալու, Ռուսաստան «խոպան» մեկնելու մի օրինակ: Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 1988 թվականին ծնված Գարիկ Խեչիկյանը, հանդիսանալով սահմանապահ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, գնդացրորդ, 2014 թվականի փետրվարի 2-ին պարտավոր լինելով ներկայանալ ծառայության վայր, ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով չի ներկայացել զորամաս եւ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: 2014 թվականի դեկտեմբերի 16-ին նա հայտնաբերվել է այդ երկրի իրավապահ մարմինների կողմից, 2015 թվականի նոյեմբերի 11-ին տեղափոխվել է Հայաստան:

2016 թվականի փետրվարի 9-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր ՌաՖիկ Մելքոնյանը վճռել է Գ. Խեչիկյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման, դրան հաշվակցել կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ նրան վերջնականապես դատապարտել 1 տարի, 10 ամիս, 6 օր ժամկետով: Դատավորը վճռել է նշանակված ազատազրկումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70 հոդվածի հիմքով պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան, Գ. Խեչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել եւ նրան դատական նիստերի դահլիճում անհապաղ ազատ արձակել արգելանքից: Սակայն այս քրեական գործով մեղադրողը նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով այն բեկանել եւ փոփոխել, վերացնել Գ. Խեչիկյանի նկատմամբ կիրառված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70 հոդվածը: Ներկայումս քրեական գործերով վերաքննիչ դատարանում շարունակվում է սույն վերաքննիչ բողոքի քննությունը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս