Ջազի հանդեպ պետական ուշադրություն չկա. Կարեն Մամիկոնյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ-ին. ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձեւ, համաձայն որի՝ 2012 թվականից ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր: «Ջազը վերացնում է մարդկանց միջեւ սահմանները եւ փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտ է ստեղծում»,-այսպիսի բնութագրում է տալիս ՄԱԿ-ը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համարվում է տոնի կազմակերպիչը:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան եւ եվրոպական մշակույթների սինթեզ եւ առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձեւ, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց եւ պետությունների միջեւ: «Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաեւ այսօր… Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձեւերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով եւ կարեւոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:

13081726_1109316442458588_104782217_n

Հետաքրքիր է, որ մինչ այժմ անհայտ է ջազ բառի բացատրությունը: Հետազոտողների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ դա նշանակում է ներշնչում, ոգեշնչում:
Հայաստանում ջազի հանդեպ հետաքրքրության, պետական մոտեցման, երիտասարդ կադրերի գործունեության մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է դաշնակահար Կարեն Մամիկոնյանի հետ, ով «Կարեն Մամիկոնյան բենդ»-ի հիմնադիրն է, մի շարք բենդերի՝ «Դը Բըրդս» («The Birds»), «Ռեինկարնացիա», «Արմենիան Նեվի Բենդ» («Armenian Navy Band») անդամ: Նա եղել է նաեւ «Գիշերային պահակախումբ» խմբի անդամ եւ ելույթներ է ունեցել Դուբայի, Մոսկվայի, Թբիլիսիի, Կիեւի ջազ փառատոներում։ Կարենի մատուցած երաժշտությունը կարելի է ունկնդրել շաբաթ օրը՝ Կասկադի բացօթյա հարթակում կայանալիք կենդանի ջազ համերգի ընթացքում:
Մեզ հետ զրույցում Կարեն Մամիկոնյանը նախ համոզմունք հայտնեց, որ հայերիս մոտ ջազի մատուցումը բոլորովին ուրիշ կերպ է ստացվում. «Հայ երաժիշտների եւ երգիչների շրջանում միշտ էլ ունեցել ենք բարձրորակ երաժշտություն մատուցող ջազմեններ: Ռուսները եւ էլի այլ ազգեր տարբեր առիթներով ասել են, որ հայերիս կատարմամբ այդ երաժշտությունն ուղղակի անկրկնելի է: Երբ նոր էի սկսում իմ գործունեությունը, ես, օրինակ, շատ հետաքրքրված էի երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի արվեստով: Հիմա համագործակցում եմ երաժիշտ, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի հետ: Իսկ միջազգային մասշտաբով դեռ մանուկ հասակից ինձ համար ջազային արվեստի ոլորտում բարձր նշաձող է համարվել Ռեյ Չարլզը»,-ասաց նա:

13090513_1109316435791922_290018255_n

Ու թեեւ մենք լավագույն կադրերի պակաս երբեւէ չենք ունեցել, դաշնակահարը նկատեց, որ Հայաստանում ջազի հանդեպ պետական մասշտաբով ուշադրություն առանձնապես չկա. «Երեւի թե դա նախընտրության հարց է: Ջազը նեղ շրջանակների համար է: Հիմա չգիտեմ` պետական պաշտոնյաները, հովանավորները որքանով են սիրում այդ երաժշտությունը: Օրինակ` ես, որ սիրում եմ ջազ, եթե լինեմ պետական ատյաններում, անպայման ուշադրություն կդարձնեմ այդ երաժշտությանը, իսկ եթե ոչ, այն ինձ համար գոյություն չի ունենա»,- մեկնաբանեց Կարենը` պետության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներից առանձնացնելով միայն «Էրեբունի-Երեւան» տոնական ծրագրերի շրջանակում ամեն տարի Կասկադում անցկացվող բացօթյա ջազ համերգը:

Նա խոսեց նաեւ երիտասարդ խոստումնալից կադրերի մասին, որոնք մեծ մասամբ նախընտրում են ապրել եւ ստեղծագործել արտերկրում. «Մտածել, թե կարող են այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք վերադառնան, լավատեսության դրսեւորում կլինի: Բացի այն, որ Հայաստանի համեմատ արտերկրում ջազ երաժիշտն ավելի բարձր է վարձատրվում, նա այնտեղ ունի նաեւ ռեալիզացվելու լայն դաշտ: Եվ հետո` արտերկրի հասարակությունը ջազի հանդեպ անտարբեր չէ: Առհասարակ, երաժշտի նկատմամբ դրսում բոլորովին այլ վերաբերմունք են ցուցաբերում: Իսկ մեզ մոտ ռեստորանային, դասական, ջազ երաժիշտ հասկացությունները խառնվել են իրար, մարդիկ երաժշտություն լսելու կուլտուրա չունեն, քանի որ սովոր են, որ, ինչպես ռեստորանում, պետք է միաժամանակ ուտեն եւ ունկնդրեն»,-շեշտեց նա:
Կարենի խոսքով` Հայաստանում աշխարհահռչակ ջազ երաժիշտների մասնակցությամբ մաստեր-կլասներ շատ քիչ են կազմակերպվում. «Դա բավական կարեւոր է մեր դաշտում գործողի համար, հատկապես այն երաժիշտների, որոնք չգիտեն` որտեղից եւ ինչպես սկսել իրենց կարիերան. չէ՞ որ այդ կերպ փորձի փոխանակում է տեղի ունենում»,-նշեց նա:
Եվ, այնուամենայնիվ, չնայած բոլոր բացերին, ըստ Կարենի, եթե դու արդեն թաթախվել ես ջազի մեջ, այլեւս չես կարող նրանից «փախչել». «Եթե նույնիսկ ջազի միջոցով չես կարողանում շատ վաստակել, միեւնույն է՝ զբաղվում ես դրանով, դառնում ես նվիրյալ…»,- եզրափակեց ջազմենը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս