«Նախարարը խոստացել է հարցը լուծել, բայց դեռ նորություն չկա». ինչո՞ւ Գյումրու «Դուետ» փառատոնը շարունակական չեղավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականին Գյումրին դարձել էր տարածաշրջանի թատերական մայրաքաղաք` «Դուետ» միջազգային փառատոնի շրջանակներում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող թատերական տոնի կազմակերպիչը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր: Ի սկզբանե նախատեսված էր փառատոնը կազմակերպել երկու տարին մեկ անգամ: Այն, սակայն, շարունակականություն չունեցավ: Օրերս էլ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը միության 16-րդ համագումարի ընթացքում իր մտահոգությունն է հայտնել փառատոնի ճակատագրի վերաբերյալ. «Ես շատ եմ ափսոսում, որ ինչ-ինչ պատճառներով դադարեց գործել Գյումրիում կազմակերպվող «Դուետ» փառատոնը: Օգտագործելով այս առիթը՝ ես ուզում եմ դիմել Գյումրու քաղաքապետին, որպեսզի արվի ամեն բան՝ այն վերականգնելու համար»:

«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Դուետ»-ի դադարեցման պատճառները: Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր, փառատոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը հավաստիացրեց, որ փառատոնը ոչ թե դադարեցրել է աշխատանքները, այլ պարզապես ընդմիջում է վերցրել: «Նախորդ տարի փառատոնի կազմակերպման գործընթացը համընկավ Գյումրու դրամատիկական թատրոնի 150-ամյակի հետ, եւ թատրոնը նպատակահարմար գտավ իր ֆինանսական հնարավորությունները եւ մշակույթի նախարարության աջակցությունը, ինչպես նաեւ ստեղծագործական ռեսուրսներն ուղղել հոբելյանական միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելուն: Թատրոնը միաժամանակ երկու բարդ ծրագիր ի կատար ածելու հնարավորություն չուներ, հատկապես, որ այդ ընթացքում ներկայացումների պրեմիերաներ էին տեղի ունենում, կառույցն իր բնականոն ռիթմից չշեղվելու խնդիր ուներ: Այդպիսով` մեկ տարի բաց թողեցինք»,- մեկնաբանեց նա` վստահություն հայտնելով, որ այս տարի փառատոնը կյանքի կոչելու հնարավորություն կընձեռվի, հատկապես, որ Գյումրին հռչակվել է երիտասարդական մայրաքաղաք: Պրոդյուսերի խոսքով` նույնիսկ քննարկվում է «Դուետը» երիտասարդական փառատոն կոչելու հարցը:

«Մշակույթի նախարարին ուղղված համապատասխան գրությունը գրված է, վերջինս եւ թատրոնի գլխավոր ռեժիսորը հանդիպել են, կատարել են նախնական քննարկումներ, համապատասխան գրություն ենք պատրաստել նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համար»,- տեղեկացրեց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որեւէ կերպ աջակցել է փառատոնի կայացմանը կամ պատրաստվում է սատարել` այն շարունակական դարձնելու համար, Տ. Վիրաբյանը պատասխանեց. «Քաղաքապետը 2013-ին ներկա է եղել փառատոնի բացման արարողությանը եւ խոստացել է, որ կաջակցի փառատոնի հաջորդ բեմելին»:

Նույն վստահությունը, սակայն, չուներ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, այժմյան գեղարվեստական խորհրդատու, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը: Նա նախ շեշտեց, որ փառատոնը մեծ ազդեցություն է ունեցել հանդիսատեսին թատրոնի հետ կապելու գործում: «Մենք ներկայացումները հեռուստատեսությամբ անալիզի էինք ենթարկում, մեկնաբանություններ էինք թողնում, հայտնի մարդիկ էին խոսում, կարծիք հայտնում, հանդիսատեսը վազում էր հեռուստացույցի մոտ, որ իմանար` ինչ են խոսել իրենց դիտած ներկայացման մասին»,- նշեց նա:

Բեմադրիչը պատմեց, որ նախորդ տարի ինքը փառատոնը կազմակերպելու հարցով դիմել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին. «Ասաց` խառը տարի է, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներով ենք զբաղված, հասկացա, որ փող չկար, բացի այդ` զբաղվածությունը մեծ էր: Նախարարը խոսք տվեց, որ այս տարի այդ հարցը կլուծվի, բայց նորություն, ձեն-ձուն չկա: Մենք այս թեմայով առաջարկությունն ուղարկել ենք իրեն, դեռ պատասխան չունենք, պետք է գնամ նախարարի մոտ, անպայման իմանամ, թե ինչու է դադարեցվել այս հիանալի նախաձեռնությունը, ինչու է խնդիրն անուշադրության մատնվել»,- տեղեկացրեց նա:

Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետից ունեցած սպասելիքներին, Ն. Ծատուրյանը նկատեց. «Եթե նախարարն ինչ-որ ձեւով աջակցի, նրանք էլ ինչ-որ բան կավելացնեն, երեւի: Ես այդպես եմ կարծում: Ամբողջ փողը նրանք տվողը չեն (նկատի ունի` քաղաքապետարանը-հեղ.), դա բավական մեծ գումար է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ փառատոնի շրջանակում արտերկրից տարբեր հյուրեր ենք ունենում, որոնց պետք է տեղավորել հյուրանոցներում, սննդի հարցը լուծել, այս ամենը թանկ է նստում մեզ վրա»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ փառատոնի ընդհանուր բյուջեն 11. 600. 000 դրամ էր, որից 5 միլիոն դրամը փառատոնին հատկացվել էր կառավարության պահուստային ֆոնդից, մնացածը վճարել էր ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, քանի որ փառատոնը «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքից էր:

Աննա Բաբաջանյան




Լրահոս