Զինված խուլիգանություն Վայոց Ձորում, որն ավարտվել է սպանությամբ. հարուցվել է քրեական գործ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վայոց Ձորում մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի ժամանակ մեկ անձ սպանվել է, 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

2016 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, «Եղեգնաձոր ԲԿ»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ են տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ 1991թ. ծնված Ս.Հարությունյանը` «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, 1994թ. ծնված Լ.Գրիգորյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք» ախտորոշմամբ, և Ս.Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։
Նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, «Վայք» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մայիսի 15-ին՝ ժամը 23:55-ին, «որովայնի շրջանում դանակահարված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Է.Բաբայանը, իսկ մայիսի 16-ին՝ ժամը 02:00-ին, 1986թ. ծնված Ա.Բաբայանը` «գլխի պատռված, նստատեղի ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են 2016 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող ավտոպահեստամասերի խանութի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Բացի այդ, պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաև Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Հ.Հովակիմյանը, ով բժշկական կենտրոն չի դիմել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104–րդ 2-րդ մասի 1-ին կետի, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպի բոլոր հանգամանքների, մասնակիցների շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։