Գեներալ Մանվելը պատվիրել է վարկաբեկել Արցախի իշխանություններին. խայտառակ էջի հետևանքները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ հրապարակվեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հարցազրույցը, որում նա պատմել էր, թե ինչպես է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանը ավտոճանապարհին կանգնելու եւ այն նեղացնելու համար հայհոյել ու թիկնապահներին հրահանգել ավտոմատով սպառնալ վարորդ-կամավորներին, որեւէ մեկին կատարվածը չզարմացրեց: Բոլորն էլ լավ հիշում են, որ գեներալ Մանվելը միշտ էլ իր թիկնապահների հետ աչքի է ընկել բռնություններով: Արդեն երկու տասնամյակ է՝ մարդիկ նրա ավտոմեքենայի ճանապարհից դիվահար փախչում են, քանի որ շատ լավ գիտեն, թե իրենց «սխալը» որքան ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Եւ այսօր ասել, որ սա սարքովի պատմություն է, առնվազն ազնիվ չէ: Պարզապես մենք պետք է տարանջատենք պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանին խաղաղ օրերին բռնարարքներ սանձազերծող գործչից:

Ու այս պատմության մեջ ամենազզվելին ի պաշտպանություն գեներալի սկսված քծնարշավն է: Անգամ որոշ կայքեր են սկսել կեղծ ինֆորմացիաներով «անալիտիկել» գեներալին: Մինչդեռ ընդամենն անհրաժեշտ էր պատվով ներողություն խնդրել տհաճ միջադեպի համար ու փակել այս խայտառակ էջը: Սակայն Մանվել Գրիգորյանը, լինելով անասելի փառասեր (նրա քծնող շրջապատը անգամ զորավար է հռչակել գեներալին), ջանում է Արցախ-Հայաստան հարաբերությունները հանուն իր փառքի փչացնել` պատվիրելով վիրտուալ տիրույթում վարկաբեկել Արցախի իշխանության ներկայացուցիչներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս