Քաղաքական «բլեֆների» փուլ. թատրոնը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական կյանքն արդեն մեկ շաբաթ է՝ թեւակոխել է քաղաքական «բլեֆների» փուլ, որի մեկնարկը տվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին ՀՀ կառավարության նիստում հնչեցրած հայտնի ելույթով:

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նախաձեռնում են կրճատել պետական կառավարման համակարգի ծախսերը, կոռուպցիայի դեմ անողոք պայքար մղել եւ այսպես շարունակ, թվում էր՝ թատրոնը, ինչպես միշտ, այդքանով կավարտվի: Եվրոպացիներն էլ ոգեւորված ՀՀ կառավարությանը կտրամադրեն կոռուպցիայի դեմ պայքարի համար խոստացված 15 մլն եվրո դրամաշնորհը: Սակայն, պարզվում է, այս անգամ մենք մի քանի գործողություններից բաղկացած ներկայացման հետ գործ ունենք: Երեկ Հայաստանի հանրությունն ականատես եղավ այդ ներկայացման երկրորդ «գործողությանը», որը նվիրված էր ծառայողական ավտոմեքենաների թիվ կրճատելուն եւ ապրանքների ներկրումն «ազատ» դարձնելուն:

Այսպես՝ գործադիրի  նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց. «Ավտոմեքենաների կրճատման հարցով մենք խնդրին մոտեցել ենք փուլային եղանակով, եւ արդյունքը հետեւյալն է՝ առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա: Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում եւ հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա: Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից»: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ՀՀ կառավարությունը, ի վերջո, խելքի է եկել եւ որոշել է ծառայողական ավտոմեքենաները կրճատել:

Հիշեցնենք, որ ծառայողական ավտոմեքենաների խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց անցած տարվա վերջին, երբ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը ԱԺ-ում քննարկելիս հայտնի դարձավ, որ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորվում է 1072 ծառայողական ավտոմեքենայի շահագործումը եւ պահպանությունը: Սա այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստանից մի հազար անգամ ավելի մեծ պետական բյուջե ունեցող Մեծ Բրիտանիայում ծառայողական ավտոմեքենաների թիվը հինգ անգամ ավելի փոքր է:

Այսպիսով՝ Դավիթ Հարությունյանի մատնանշած ավտոմեքենաներից միայն 107-ն են պետբյուջեից ֆինանսավորվողներ, ստացվում է պետբյուջեից ֆինանսավորվող ավտոմեքենաները 1072-ից նվազում եւ դառնում են 965` նույն Մեծ Բրիտանիայից ավելի քան չորս անգամ ավել: Մնացած 690 հատ ավտոմեքենաները Հարությունյանը ներկայացնում է իբրեւ պետական մարմինների ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների, ՓԲԸ-ների եւ հիմնադրամների ավտոմեքենաներ: Ստացվում է, որ մարդիկ իրենք իրենց մատնում են: Պարզվում է՝ ծառայողական ավտոմեքենաների մասին մինչ այս հայտնի թիվը իրական թվի ընդամենը մի չնչին մասն է: ՊՈԱԿ-ների, ՓԲԸ-ների եւ հիմնադրամների մասին ընդհանրապես մոռացվել էր, եթե դրանք էլ ենք հաշվում, ապա ծառայողական ավտոմեքենաների թիվը մի քանի հազարի է հասնում:

Ի դեպ, այդ` հանրագումարի բերված ամբողջական թիվը երբեւէ չի հրապարակվել:
Հաջորդ բլեֆը վերաբերում էր այն հայտարարությանը, թե ով ինչ ուզում է, կարող է ներկրել: Թատրոնի այս գործողության շնորհանդեսը տեղի էր ունեցել նախօրեին` խորհրդարանում, որտեղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ոչ մի արգելք չկա, ով ինչ ուզում է, կարող է ներկրել: Երեկ այս թեման Հովիկ Աբրահամյանը ավելի ծաղկեցրեց եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց հուշաթերթ կազմել, որպեսզի ապրանք ներկրել ցանկացողներն իմանան, թե իրենց ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Այսինքն՝ մենաշնորհների դեմ պայքարը որոշել են լիակատար զավեշտի վերածել: Մինչդեռ իրականում երբ որեւէ մեկը մեր երկրում հադգնի բենզին ներկրել, ոչ ոք նրան, գոնե պաշտոնապես, չի ասի, թե ինչու ես բերել:

Պարզապես նրա ապրանքն այնքան են պահում մաքսային անցակետում կամ պահեստում, որ ձեւակերպումներից հետո արդեն անիմաստ է դառնում դրա մանրածախ կամ մեծածախ վաճառքը երկրում: Արդյունքում՝ գործարարի ակնկալած եկամուտը հաճախ ծախսվում է կրած վնասները փոխհատուցելու վրա: Ընդ որում, այդ գործընթացը տեղի է ունենում «օրենքի» շրջանակներում: Ավելին՝ մաքսայինի աշխատակիցները կարող են նաեւ ներողություն խնդրել, բայց դրանից ոչինչ չի փոխվում, գործարարը հասկանում է, որ ինքն այլեւս այդ ապրանքատեսակից չպիտի ներկրի: Իսկ եթե ներկրված ապրանքը մթերք է, շաքարավազ, կարագ, բանան եւ այսպես շարունակ, ապա այս դեպքում ապրանքի՝ մաքսայինում «լռվելուց» բացի՝ կարող են նաեւ «դժբախտ պատահարներ» գրանցվել. օրինակ՝ շաքարավազը կարող է խոնավանալ, բանանը՝ սեւանալ, կարագը՝ հալչել, բենզինը՝ «չհամապատասխանել» լաբորատոր չափորոշիչներին եւ այլն:

Եւ այսքանից հետո խոսել ազատ մրցակցության ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկապես զավեշտ է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս