Ադրբեջանը խաղացրեց մեր նախագահին. հունիսին նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպումը չի կայանա. ռուս քաղաքագետ

Ադրբեջանը խաղացրեց մեր նախագահին. հունիսին նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպումը չի կայանա. ռուս քաղաքագետ

ArmLur.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

– Պարո՛ն Տարասով, Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նախադրյալներ տեսնո՞ւմ եք:

– Իհարկե, տեսնում եմ: ԵԱՀԿ-ի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ներկայացրել է սցենար, որը հնարավորություն կտա շփման գծում մոնիթորինգ իրականացնել և մեծացնում է նրա անձնական լիազորությունները: Հաշվի առնելով, որ տարածքը  մեծ է՝ խոսքը 100 մարդու մասին է, ովքեր պետք է ֆիզիկապես ներկա լինեն: Վերահսկողությունը պետք է լինի բոլոր կողմերից: Նրանք ստիպված կլինեն աշխատել նաև Ստեփանակերտի իշխանությունների հետ, իսկ դա Ստեփանակերտին բանակցային կողմ է դարձնում. սկզբում՝ տեխնիկապես, ապա՝ փաստացի:

– Սակայն հանդիպումից հետո ադրբեջանական կողմը, կարծես թե, ետ կանգնեց իր կողմից ստանձնած պարտավորություններից:

– Իհարկե, Բաքուն կարող է չհամաձայնել Երևանի հետ, սակայն ԵԱՀԿ-ի հետ չհամաձայնել չի կարող:

– Իսկ ինչո՞ւ հիմա համաձայնվեցին:

– Նրանք սրել են իրավիճակը, իսկ պատերազմը հիմա ոչ մեկին ձեռնտու չէ՝ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Ռուսաստանին: Ինձ մոտ տպավորություն է, որ պատերազմն ուղղված էր ներսում Ալիևի ռեժիմի ամրապնդմանը: Նա փորձում էր բարձրացնել իր ռեյտինգը, սակայն որքա՞ն կմնա այդպես՝ դա արդեն հարց է:

– Այսօր ադրբեջանական կողմը հայտարարեց, որ պատերազմը դադարեցվել է Վլադիմիր Պուտինի հրահանգով:

– Իրենք օգտագործեցին Պուտինի խաղաքարտը: Նրանք խաղացրին մեր նախագահին: Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Պուտինն այնտեղ կգնա, սակայն նա երբեք չէր մտադրվել գնալ այնտեղ, նրանք ասացին, որ Պուտինը ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել, ապա փոխեցին, որ ԱՄՆ-ն է իր ձեռքը վերցրել:

– Այսինքն` Դուք հավատո՞ւմ եք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում կկիրառվեն:

– Ոչ, չեմ հավատում: Ես կարծում եմ, որ հունիսին նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան: Նախորդ հանդիպմանը Բաքվի դիվանագիտությունը չկարողացավ ապացուցել այն հաղթանակը, որի մասին իրենք խոսում էին:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը