Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ժոզեֆ Դոլի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին  Լյուքսեմբուրգում հանդիպում է ունեցել «Եվրոպական ժողովրդական կուսակցության» նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: ԵԺԿ նախագահը, ողջունելով  ՀՎԿ պատվիրակությանը,  նշել է, որ ուրախալի է, որ իրենց հանդիպումները պարբերական բնույթ են կրում, ինչը վկայում է երկու գործընկեր կուսակցությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների մասին: Ժոզեֆ Դոլը կարևորել է նման հանդիպումները՝ ինչպես միջկուսակցական կապերի ամրապնդման,  այնպես էլ՝ քաղաքական օրակարգի կարևոր հարցերի շուրջ կարծիքներ և տեսակետներ փոխանակելու առումով:

Իր հերթին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ շեշտելով, որ նմանատիպ յուրաքանչյուր հանդիպում էլ ավելի է ամրապնդում երկու քաղաքական ուժերի  կապերը: Ըստ Արթուր Բաղդասարյանի, նման ձևաչափով շփումները ավելի ընկալելի է դարձնում գործընկեր կուսակցություններին՝ միևնույն ժամանակ հանդիսանալով  ևս մեկ կարևոր խողովակ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման և ամրապնդման ուղղությամբ: Հաջորդիվ ՀՎԿ պատվիրակությունը հանդիպել է նաև ԵԺԿ փոխնախագահ Սարիուշ Վոլսկու հետ:

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև «Կենտրոնամետ դեմոկրատների»  համաշխարհային ինտերնացիոնալի գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեսի հետ : Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանը առնչվող հարցեր և նախանշել այդ ուղղությամբ առաջիկա անելիքները: Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ դեռևս 2005 թվականից «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդիսացել է համաշխարհային այս կառույցի անդամ և համոզմունք է հայտնել, որ արդյունավետ համագործակցության ավանդույթները առաջիկայում արդեն կշարունակի «Հայկական վերածնունդը »:

ՀՎԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վիլֆրեդ Մարտենս Եվրոպական հետազոտությունների կենտրոնի նախագահ Նիկոլաշ Տյուրինդայի և Ռոբերտ Շուման ինստիտուտի գործադիր տնօրեն Գաբոռ Բերցելիի հետ: Երկու հայտնի կրթական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ կրթական , երիտասարդ կադրերի փոխանակման ու վերապատրաստման հետ կապված կոնկրետ ծրագրեր: Նշված ինստիտուտների ղեկավարների հետ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում  հիմնել եվրոպական հետազոտությունների կենտրոն:




Լրահոս