Ռոբերտ Քոչարյանը բարոյական իրավունք ունի՞ խոսելու կոռուպցիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքում հարցազրույց է տեղադրել, որում անդրադարձել է թե՛ ղարաբաղյան խնդրին, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարին:

«Արդեն երկու տարուց ավել է, ինչ հակառակորդի բանակը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում գիշերային ժամերին, քանի որ հագեցած էր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների եւ զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Հարկ է անհապաղ լրացնել բոլոր առկա բացերը, ու հասկանալի է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն տարվում են»-խոսելով քառօրյա պատերազմի պատճառների եւ հետեւանքների մասին՝ ասել է նա:

Անդրադառնալով վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարությանը, Քոչարյանը նշել է. «Վարչապետի հայտարարած ծրագիրը հենց այն է, ինչով կառավարությունը պարտավոր էր զբաղված լինել ամենօրյա ռեժիմով: Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունը՝ այդ թվում: Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում: Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, եւ անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին` լուծել այդ խնդիրները»:

ՀԱՐՑ. Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը բարոյական եւ քաղաքական իրավունք ունի խոսելու կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Մարգարյան

-Իհարկե, ունի իրավունք, եւ կասկածելու հարկ չկա: Նա անձ է, ով ունի բավականին մեծ տեղեկատվություն եւ պատկերացում համակարգի մասին, եթե իշխանությունները հայտարարում են կոռուպցիայի հետ պայքարի կամ դրա արատավոր երեւույթների մասին, ինչո՞ւ չի կարող նույն թեմայի մասին խոսել Ռ. Քոչարյանը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյան

-ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ասել: Դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է: Կարող եք լսել, կարող եք չլսել, կարող եք ընդունել, կարող եք չընդունել, կարող եք կարդալ եւ մոռանալ, կարող եք կարդալ եւ ուղեցույց դառնալ: Ամեն մարդ ինքն է որոշելու, թե ինչ վերաբերմունք կունենա դրա մասին: Բայց այն, որ մեր երկրում ցանկացած ՀՀ քաղաքացին իրավունք ունենա իր կարծիքը արտահայտելու, ուրախությամբ պետք է նշեմ, որ առնվազն հասել ենք այն մակարդակի, որտեղ խոսքի ազատության համար որեւէ մեկը չի պատժվում, եթե համեմատենք Ադրբեջանի կամ այլ երկրների հետ:

Այսօրվա դրությամբ ՀՀ իշխանությունները, որ ասում են կոռուպցիայի դեմ պայքարում են, իրավունք ունեն, չէ որ իրենք էլ են նպաստել: 91-97 թթ մարդիկ, ովքեր իշխանությունում են եղել եւ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարից, ի՞նչ է, իրենց ժամանակ Հայաստանում կոռուպցիա չի եղե՞լ: Հարցն այն պետք է լինի, որ Հայաստանում իսկապես խոսքից անցնեն գործի, եթե մենք շարունակենք միայն խոսել, փորձենք ինտրիգներ ման գալ, այս կամ այն մարդու իրավունքները մեկնաբանել, սխալ է:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյան

-Ես նայել եմ հարցազրույցը, իմ հետ կապ չունի: Ռ. Քոչարյանը պետք է պատասխանի այդ հարցին:

Արփինե Թովմասյան
Լիդա Եղիազարյան




Լրահոս