Անիմաստ է բանակցություններ վարել առանց Ղարաբաղի. ռուս ռազմական փորձագետ

Անիմաստ է բանակցություններ վարել առանց Ղարաբաղի. ռուս ռազմական փորձագետ

ArmLur.am-ի զրուցակիցն է ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

– Պարո՛ն Եվսեև, արդեն հայտնի է, որ հունիսին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հաշվի առնելով առաջին հանդիպումը, դուք ինչ հույսեր եք կապում այս հանդիպման հետ:

– Ես դեռ քիչ հույսեր ունեմ այդ հանդիպումից, բացի նրանից, որ ռազմական գործողությունների վերսկսում չի լինի: Ես կարծում եմ, որ հանդիպումը բանակցությունների առումով չի կարող բեկումնային ազդեցություն ունենալ, քանի որ բավական թարմ են ապրիլյան պատերազմի մասին հիշողությունները: Այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, հանդիպումը միայն կփաստի բանակցությունների շարունակությունը: Խնդիրներից մեկն այն է, որ հանդիպումը լինելու է երկկողմ` առանց Ղարաբաղի մասնակցության: Երրորդ կողմի բացակայությունը նսեմացնում է դրա արժեքը: Ես կարծում եմ, որ հիմա անիմաստ է առանց Ղարաբաղի բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

– Այդ դեպքում ի՞նչ քայլեր են անհրաժեշտ անել:

– Բանակցությունները պետք է շարունակել, որպեսզի կոնֆլիկտը հնարավոր լինի սառեցնել, չնայած  իրավիճակն արդեն ապակայունացվել է, և երկու կողմերը փաստացի պատրաստվում են հնարավոր ռազմական գործողությունների: Այս պարագայում ես դեռ չեմ տեսնում ռեալ քայլեր` լարվածության նվազման ուղղված: Հիմնական նախապայմաններից մեկը կարող է լինել Բաքվի համաձայնությունը Ստեփանակերտի` որպես երրորդ կողմ ներգրավման հարցում: Երկրորդ, ես կարծում եմ, որ  պետք է վերականգնել ուժերի հավասարակշռությունը`  ռուսական կողմից սպառազինության մատակարարման միջոցով, որը խոստացվել էր ավելի վաղ ստորագրված փաստաթղթերով: Հաջորդիվ պետք է փոխվի ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտարկող խնբի առաքելությունը: Ներկայիս ֆորմատը չի համապատասխանում այն պայմաններին, որոնք անհրաժեշտ են: Դժվար է խոսել հաջողության մասին, թերևս միայն այն է դրական, որ հանդիպումը խոսում է բանակցությունների շարունակման մասին, սակայն միայն երկկողմ: Ես չեմ հավատում նման բանակցությունների հաջողությանը:

– Այսինքն` դուք կարծում եք, որ միայն Ղարաբաղի` բանակցությունների սեղան վերադարձի դեպքում է հնարավո՞ր հաջողության հասնել:

– Ես կարծում եմ, որ այո: Պետք է պահանջել, որ բանակցությունների երրորդ կողմ լինի Ստեփանակերտը: Եվ միայն այդ դեպքում իմաստ կա բանակցություններ վարելու: Ես դեմ չեմ երկխոսության, սակայն դեմ եմ կեղծ  երկխոսության, իսկ հիմա կարելի է բանակցություններ վարել, իսկ մեկ ամիս անց վերսկսել ռազմական գործողությունները. ես դեմ եմ նման  երկխոսության:

– Նախագահների   միջև  առաջին    հանդիպման ժամանակ մի քանի պայմանավորվածություններ  են   ձեռք բերվել, այդ թվում`  հետաքննման մեխանիզմների ներդրում: Ըստ ձեզ, որքանո՞վ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:

– Որպեսզի հետաքննության մեխանիզմներն աշխատեն, պետք է փոխվի դիտարկում անցկացնող խմբի մանդատը: Եթե դիտարկում անող խումբը չունի հնարավորություն  հաստատել խախտման փաստը, ապա բավարար չէ ունենալ միայն համաձայնություն կամ փաստաթուղթ, այլ անհրաժեշտ է ունենալ ռեալ մեխանիզմներ , որը հնարավորություն կտա ֆիքսել, թե ով խախտեց հրադադարը և որ մասում: Ապրիլի սկզբին Ադրբեջանը սկսեց ռազմական գործողություններ, սակայն մինչ հիմա  ոչ մեկ չի հաստատում կամ էլ չի ցանկանում հաստատել, որ Ադրբեջանն է սկսել խախտումը: ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը պետք է հստակ հայտարարել, որ ռազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը, սակայն չարեց նման բան:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը