Իշխանությունն ինքը հրավիրեց «գրանտակերներին»՝ մասնակցելու ԸՕ նախագծի մշակմանը. Արթուր Սաքունց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ին մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, որում իրենց դժգոհությունն էին հայտնում կապված արդեն ուժի մեջ մտած նոր ընտրական օրենսգրքի հետ` նշելով, որ իշխանությունները փորձում են նվազագույնի հասցնել ընտրական գործընթացի արդյունավետ դիտարկման ու ընտրակեղծարարության բացահայտման հնարավորությունները:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

-Պարո՛ն Սաքունց, ըստ Ձեզ՝ հանրային վերահսկողությունը ընտրությունների ընթացքի նկատմամբ այնքան ազդեցիկ էր դարձել, որ կարիք կար՝ իշխանությունը հատուկ օրենսդրական միջոցներ ձեռնարկեր այն թուլացնելու համա՞ր:

-Փաստերով խոսենք։ Ընտրությունից ընտրություն Հայաստանում ընտրությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնողների ե՛ւ քանակը, ե՛ւ որակական կարողությունները զարգացել են: Եթե 1990-91թթ, 1995-96թթ ընտրությունների գործընթացի հսկողություն իրականացվում էր միայն մրցակից կամ ընդդիմադիր կուսակցությունների եւ թեկնածուների վստահված անձերի միջոցով, ապա սկսած 1998-99թթ զարգացավ քաղաքացիական վերահսկողության ինստիտուտը: Ոչ միայն ավելի մեծ թվով ՀԿ-ներ սկսեցին դիտարկել ընտրությունները, այլեւ զարգացան դիտարկման գործիքները, ընտրական խախտումների բացահայտման, կանխարգելման, բողոքարկման լուրջ փորձ կուտակվեց։ Իհարկե, մի որոշ ժամանակ փորձ արվեց, այսպես կոչված, կեղծ կամ ձեւական քաղաքացիական ինստիտուտների միջոցով աղճատել իրական քաղաքացիական հսկողության արդյունքները, որոնք անհարմարություններ էին ստեղծում գործող իշխանությունների համար, այնուամենայնիվ, նրանք էլ չունեցան այն ազդեցությունը, որով կարողանային ստվերել իրական բովանդակային քաղաքացիական վերահսկողությունը: Վերջապես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները նաեւ կարողացան իրենց զեկույցները, գնահատականները պատշաճ ներկայացնել նաեւ միջազգային կազմակերպություններին, որոնք առաջնահերթ դեր ունեն մեզ նման ժողովրդավարության կայացման փուլում գտնվող երկրներում ընտրական ինստիտուտի բարելավմանը, զարգացմանը աջակցելու հարցերում: Հիշեցնեմ, որ այդ նույն ժամանակաընթացքում չէր դադարում քաղաքացիական վերահսկողություն եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին վարկաբեկելու գործընթացը. նրանց անվանում էին «աղբը տնից հանողներ», «ազգային շահերին դեմ գնացողներ», ընդհուպ մինչեւ իսկ «ազգի դավաճաններ», «գունավոր հեղափոխություն իրականացնողներ», «գրանտակերներ» եւ այլն: Իհարկե, հիմա էլ նման գնահատականներ հնչեցվում են, սակայն դրանք եւս էական ազդեցություն չունեցան, քանի որ հենց գործող իշխանություններն են այդ գնահատականները ստացողներին վերջին ընտրական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներում հրավիրել մասնակցել: Անհրաժեշտ եմ համարում նաեւ նշել, որ բոլոր նախորդ ընտրական օրենսգրքերում առկա էին դիտորդական առաքելության իրականացման համար բավական լուրջ իրավական հնարավորություններ: Ի վերջո, ամփոփենք, քաղաքացիական վերահսկողությունը ընտրությունների նկատմամբ կամ դիտորդական առաքելությունը այլեւս կայացած է Հայաստանի Հանրապետությունում, եւ թվում էր, թե պետք էր միայն ողջունել այդ փաստը, որպես հենց ընտրական ինստիտուտի զարգացման, բարելավման, կատարելագործման կարեւոր հնարավորություններից մեկը։

-Ձեր եւ մի շարք ՀԿ-ների կողմից հրապարակված հայտարարությունը իշխանությունների առջեւ պահանջ է դնում ընտրությունների վերահսկողությունը թուլացնող դրույթները փոխել: Արդյո՞ք Դուք հավատում եք, որ իշխանությունները Ձեր պահանջներին տեղի կտան:

-Նախ պատահական չենք համարում, որ նոր ԸՕ-ում իշխանության հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում էր հենց դիտորդական առաքելության իրականացման իրավական հնարավորությունների սահմանափակումը, որը եւ տեսանք նախագծում: Թե ինչու, արդեն հասկանալի է՝ օրենսդրորեն սահմանափակել ընտրական գործընթացների եւ քվեարկության արդյունքների կեղծման արձանագրման, փաստագրման, կանխման եւ բողոքարկման ուղղություններով դիտորդական առաքելության իրականացման հնարավորությունները: Կարելի է մտածել, թե ընտրությունների նկատմամբ ուժեղ վերահսկողությունը քաղաքական կուսակցությունների, թեկնածուների վստահված անձանց միջոցով բավարար է ընտրական գործընթացների խախտումների եւ քվեարկության արդյունքների կեղծման կանխման համար, սակայն պետք է հիշել, որ ՀՀ-ում քաղաքական կուսակցությունները, որպես կանոն, շատ հեշտությամբ գործարքի են գնացել գործող իշխանության հետ՝ երկրորդ պլան մղելով ընտրական կեղծիքների դեմ պայքարի խնդիրը մինչեւ հաջորդ ընտրություններ: Նման ռիսկերից եւ, այսպես կոչված, «գայթակղություններից» հեռու են քաղաքացիական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունները, իհարկե, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց առաքելությունը ոչ թե ընտրական խախտումների կանխումն է, քվեարկության գործընթացի եւ արդյունքների կեղծումը թույլ չտալը, այլ այս կամ այն քաղաքական կուսակցության կամ թեկնածուի շահերի սպասակումը: Հավատալու կամ չհավատալու խնդիրը չի կարեւոր, այլ միմիայն որոշում կայացնողների քաղաքական պատասխանատվության արձանագրման մասին է խոսքը։

-Եթե իշխանությունները որեւէ զիջման չգնան, ու պահպանվի ԸՕ-ի՝ արդեն իսկ հաստատված տարբերակը, բացառո՞ւմ եք, որ նոր ԸՕ-ում առկա գործիքակազմով կարելի է արդյունավետ վերահսկել ընտրությունների ընթացքը:

-Չեմ բացառում, միեւնույն է, նշեցի, դիտորդական առաքելությունն ունի պատշաճ կարողություն ընտրական գործընթացների դիտարկման, խախտումների արձանագրման եւ իրավական բողոքարկման համար: Խոսքը վերաբերում է արդյունավետությանը, հերթական բնագավառում փոխանակ ավելի հեշտացնելու խնդիրների լուծման հնարավարությունները, իշխանությունները գնում են խնդիրների լուծումներն ավելի դժվարացնելու ուղղությամբ: Այս դեպքում է տեղին հիշեցնելը, որ աղքատությունը անխելքության ուղղակի հետեւանք է: Իհարկե, դա դեռ չի նշանակում, թե հարստությունը խելքի մասին է վկայում, հատկապես Հայաստանում, բայց մենք խոսում ենք պետության, ոչ թե քաջնազարականության մասին։
Տեսնենք, թե իշխանությունները որ ճանապարհը կընտրեն: Մենք հստակ պատկերացնում ենք մեր անելիքները նույնիսկ դժվար իրավիճակներում։

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս