Քաղցկեղի նման բան է կաշառակերությունը, եթե չպայքարես, այն անընդհատ աճելու է. Արամ Սիմոնյան (տեսանյութ)

Քաղցկեղի նման բան է կաշառակերությունը, եթե չպայքարես, այն անընդհատ աճելու է. Արամ Սիմոնյան (տեսանյութ)

Հատկապես կոռուպցիայի դեմ կառավարության հայտարարած պայքարի այս փուլում շատ է խոսվում նաեւ կրթական համակարգի կոռումպացվածության մասին: Ինչ քայլեր են արվում ԵՊՀ-ում՝ կաշառակերության դեմ պայքարելու համար: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, տարիներ շարունակ դժգոհություններ կան, որ համալսարանների ուսանողական խորհուրդները հանրապետականացված են, ինքներդ էլ ՀՀԿ-ական եք: Ինչո՞ւ է բուհում ուսանողի քաղաքական մտածողությունը ուղղորդվում:

-Մի քիչ ուռճացված է այդ պրոբլեմը, որովհետեւ նույն մեր ուսանողական խորհուրդը համարում են հանրապետական, բայց դա այդպես չի: Օրինակ՝ ուսանողական խորհրդի նախագահը հանրապետական չէ: Նույնիսկ համալսարանի ղեկավարը լինելով կուսակցական, մենք թույլ չենք տալիս, որպեսզի համալսարանը վերածվի կուսակցական քարոզչության վայրի: Ոչ ոք չի կարող մեղադրել համալսարանի ռեկտորին, ղեկավար կազմին, որ մենք համալսարանի ներսում ուղղորդում ենք ուսանողներին եւ քաղաքական գործունեությամբ ենք զբաղված: Դա նախ արգելված է օրենքով, եւ երկրորդը մենք ուղղակի դա չենք անում, որովհետեւ գտնում ենք, որ դրա կարիքը բացարձակ գոյություն չունի: Համալսարանը քաղաքական խաղերի, անցուդարձի տեղ չի:

-Մի քանի տարի առաջ բուհի կաշառակեր դասախոսների անունները փակցվեցին շենքերի պատերին, դրանից հետո ինչ-որ բան փոխվե՞լ է կաշառակեր դասախոսների գործունեության մեջ: Անձամբ Դուք ի՞նչ հետեւություններ արեցիք:

-Դա շատ ցավոտ թեմա է: Կաշառքն ապացուցելը շատ դժվար երեւույթ է: Ես կարծում եմ, որ դա պատկան մարմինների գործն է: Բարձրագույն կրթության ոլորտում, այդ թվում՝ համալսարանում, իհարկե, կան, լինում են կաշառակերության, հովանավորչության դեպքեր, դրա համար էլ մենք ունենք հակակոռուպցիոն պայքարի հատուկ ծրագիր, որը ամեն տարի թարմացվում է: Մենք այդ պրոբլեմը չենք թաքցնում եւ չենք էլ կարող թաքցնել, որովհետեւ մենք հասարակությունից առանձնացված չենք, եւ միամտություն կլիներ կարծել, որ կաշառակերություն չկա, աչքերս փակեմ, ասեմ՝ չկա: Ուրիշ բան է, որ մենք փորձում ենք սահմանափակել եւ մեզ շատ բաներ հաջողվում է: Քաղցկեղի նման բան է կաշառակերությունը, եթե դու դրա դեմ չես պայքարում, ինքը անընդհատ աճելու է, որովհետեւ իրավիճակն է շատ դեպքերում դրան մղում: Չեմ արդարացնում, եւ դա նողկալի բան է, բայց կա ցածր աշխատավարձ, կա մարդկանց ձգտում ավելի լավ ապրելու, հեշտ ձեռք գցելու դրամական միջոցներ, օգտագործելու, չարաշահելու իրենց դիրքը կամ լծակները: Մեր խնդիրն է այս բոլորի դեմ պայքարելը:

-Սերժ Սարգսյանը ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Այս հանգամանքը ի՞նչ է տվել բուհին ժամանակակից կրթահամալիր դառնալու, որակյալ կադրեր ստանալու հարցում:

-Ինքնին հասկանալի է, եթե երկրի ղեկավարն է քո հոգաբարձուների խորհրդի նախագահը, պատասխանատվության չափաբաժինը մեծանում է` հատկապես ռեկտորի եւ ռեկտրատի անդամների: Մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը շատ բազմազբաղ մարդ լինելով՝ համալսարանով հետաքրքրվում է, ավելին՝ անընդհատ վերահսկում է համալսարանի աշխատանքը: Դա սթափեցնող եւ որոշակի պարտավորեցնող նշանակություն ունի: Նա հոգ է տանում, որ համալսարանը ավելի ակտիվ լինի միջազգաիյն գրանտային ծրագրերում:

Հարցազրույցի շարունակությունը`  ArmLur.am-ի տեսանյութում:

Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան