Ինչպե՞ս է Հայաստանը մասնակցելու Պալմիրայի վերականգնմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի մշակույթի նախարարությունն առաջարկել է իր փորձն ու գիտելիքներն օգտագործել Պալմիրայի պատմական հուշարձանների վերականգնման համար։ Համապատասխան առաջարկություններով նամակը սիրիացի գործընկերներին է հղել ՀՀ մշակույթի նախարարությունը։ Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էր «ՍԱՆԱ» գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի մշակույթի նախարար Իսամ Խալիլին, որը Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի հետ հանդիպման ավարտին իր երախտագիտությունն էր հայտնել այդ կապակցությամբ։

Նախարարը նշել էր, որ Սիրիայում ստեղծվել է պետական հանձնաժողով, որը կմշակի Պալմիրայի վերականգնման պլանը: «Ժողովուրդ»-ը գրավոր հարցումով դիմեց ՀՀ մշակույթի նախարարությանը` պարզելու, թե Հայաստանը կոնկրետ ինչպես, ինչ ռեսուրսներով է պատրաստվում աջակցել Պալմիրայի պատմական հուշարձանների վերականգնմանը:

Մեզ նախարարությունից նախ տեղեկացրին, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ոլորտի մի շարք կոնվենցիաների, դրանց կիրարկման նպատակով ստեղծված միջկառավարական կոմիտեների, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ-պետություն։ Հայ-սիրիական մշակութային համագործակցության հիմքում ընկած են երկու երկրների միջեւ դարավոր բարեկամական հարբերությունները, որոնք ամրապնդվել են 1992թ. մարտի 30-ին նորանկախ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրա-պետության միջեւ մշակութային համագործակացության մասին» համաձայնագրով: Այդ իսկ պատճառով ՀՀ մշակույթի նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցություն ցուցաբերել Պալմիրայի վերականգնման գործընթացին:

Հարցին, թե նախարարությունն ինչ նկատի ունի, երբ նշում է, թե Պալմիրայի պատմական հուշարձանների վերականգնման համար առաջարկում է իր փորձն ու գիտելիքները, կառույցից մեկնաբանեցին. «Առաջարկը ենթադրում է հնագետների, ճարտարապետների եւ վերականգնողների փորձագիտական ու մասնագիտական աջակցություն: Ըստ որում, օժանդակությունը կարող է դրսեւորվել ոչ միայն բուն Սիրիայի տարածքում, այլեւ միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ տարբեր երկրներում կազմակերպվող մասնագիտական քննարկումների ձեւաչափով: Մասնավորապես մայիսի 4-6-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնել էր անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների այցելությունը Պալմիրա (մասնակցել է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-յում ՀՀ մշտական ներկայացուցիչը): Առաջիկայում Բոննում կայանալու է միջազգային փորձագիտական խմբի նիստը, որին Հայաստանից կմասնակցի ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը»:

Մենք հետաքրքրվեցինք` կոնկրետ ովքեր (անհատներ, խորհուրդ) են որոշել, որ Հայաստանը պետք է աջակցի Պալմիրայի պատմական հուշարձանների վերականգնմանը. «Առաջարկն արվել է մշակութային քաղաքականությունն իրականացնող պետական մարմնի կողմից՝ իր լիազորությունների շրջանակներում»,-ասված է պատասխանում:

«Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ պարզել` արդյոք արդեն կան աջակցությունն իրականացնելուն ուղղված կոնկրետ ծրագրեր եւ ժամկետներ: Այս առնչությամբ մեզ տեղեկացրին, որ Պալմիրայի վերականգնման հետ կապված կոնկրետ ծրագրեր կարող են մշակվել սիրիական կողմի համապատասխան արձագանքից հետո, զուգահեռաբար նաեւ միջազգային կառույցների կողմից կայացվող որոշումների համատեքստում:

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակումընդգրկված սիրիական հինավուրց Պալմիրան 2015թ. մայիսին գրավել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները եւ լուրջ վնասներ հասցրել քաղաքի ճարտարապետական կոթողներին: Պալմիրայում ահաբեկիչները սպանել էին ավելի քան 400 խաղաղ բնակչի:

Այս տարվա մարտի 27-ին Սիրիայի կառավարական ուժերն ազատագրեցին Պալմիրան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս