Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԻԿՐԱՆԵՏ-ի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Հունիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ICRANet) պատվիրակությանը՝ կազմակերպության տնօրեն Ռենե Ռուֆինիի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, կազմակերպության հիմնադիր երկրների՝ Իտալիայի և Բրազիլիայի դեսպանները:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ICRANet-ին անդամակցությունը վկայում է այն կարևորության մասին, որը Հայաստանը տալիս է աստղաֆիզիկայի զարգացմանը և այդ բնագավառում միջազգային փոխգործակցության խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պրոֆեսոր Ռուֆինին ընդգծեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը և գիտության, մասնավորապես՝ աստղաֆիզիկայի ասպարեզում նվաճումներն ու ներուժը շատ կարևոր են այդ բնագավառում միջազգային համագործակցության զարգացման համար։ Նա բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների և գիտական շրջանակների աջակցությունը Երևանում կառույցի ներկայացուցչության բացման հարցում։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեության հեռանկարների և իրականացվելիք ծրագրերի շուրջ։

Տեղեկանք. Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցը (ICRANet), որին անդամակցում են Հայաստանը, Իտալիան, Վատիկանը, Բրազիլիան, Թուսոնի և Սթենֆորդի համալսարանները և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնը (ՌԱՄԿ), 2005թ.-ից փաստացի գործում է Իտալիայի Պեսկարա քաղաքում (հիմնադրման մասին համաձայնագիրն ու կանոնադրությունը ստորագրվել են 2003թ.)։ Կազմակերպությունը նպատակ է հետապնդում հարաբերական աստղաֆիզիկայի ոլորտում իրականացնել կրթական և գիտական ուսումնասիրությունների ծրագրեր, ինչպես նաև խթանել ոլորտում միջազգային գիտական համագործակցությունը։ Կազմակերպությունը գրասենյակներ ունի Պեսկարայում (կոորդինացիոն կենտրոն), Հռոմի Լա Սապիենցա համալսարանում, Նիսում, իսկ 2013թ.-ից նաև Ռիո դե Ժանեյրոյում։




Լրահոս