Միրան Վոպոտիչը և Ջուն Սան Պարկը՝ Խաչատրյանի ավան 12-րդ միջազգային մրցույթի հաղթողներ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ին հանդիսավորությամբ ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը։ Գալա համերգին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է Խաչատրյանի անվան մրցույթը։

Այս տարի մրցույթի հաղթողի կոչումը կիսեցին երիտասարդ դիրիժորներ Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) և Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա):

Հաղթողի մրցանակից բացի, հայտարարվել են մի շարք հատուկ մրցանակներ. ժյուրիի անդամ Միխալիս Իկոնոմուի և Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի սահմանած «Հայդնի 102-րդ սիմֆոնիայի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել Միրան Վոպոտիչին, ով հաջորդ համերգաշրջանում ելույթ կունենա Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հատուկ մրցույթի համար Էդվարդ Հայրապետյանի կողմից գրված «Պավան պիեսի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում հատուկ մրցանակ էին սահմանել ժյուրիի անդամ Կոստանտին Օրբելյանը և Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

3c58fe7b-f014-4e1f-b959-5da292855205

Այս անվանակարգում մրցանակի է արժանացել Ջուն Սան Պարկը, ով հրավիրվել է նաև Կաունաս՝ հանդես գալու Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից սահմանված «Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի Ադաջիոյի լավագույն մեկնաբանություն»  անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջուն Սան Պարկը։

701e0e4c-8737-4677-8c1e-14c82b3b5dac

«Նվագախմբի համակրանք» մրցանակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից հանձնվել է Ջուն Սան Պարկին, նա 2016-2016թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես կգա որպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավիրյալ դիրիժոր։ Նվագախմբի որոշմամբ՝ 2016-2017թթ. համերգաշրջանի ընթացքում Իտալիայից ժամանած մասնակից Բեատրիս Վենեցին կհանդիսանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորի ասիստենտ։

710adde0-b57c-4f1b-b946-b943394ad651

Լյուդվիգ վան Բեթհովենի ասոցիացիան սահմանած հատուկ մրցանակը շնորհել է Միրան Վոպոտիչին և Տոսիֆումի Կանաին (Ճապոնիա)։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Բուն Հուա Լիենին (Սինգապուր)։

Մրցանակ է շնորհվել նաև Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին։ Ժյուրիի անդամ, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), ժյուրի կողմից հանձնելով մրցանակը նվագախմբին, նշել է, որ մրցույթի հերոսներն իրականում հենց այս կոլեկտիվի երաժիշտներն են, որոնք ամենօրյա տևական փորձեր, համերգներ են ունեցել մրցույթի 12 դիրիժորների հետ։

bb27e56d-220a-4efe-932c-523eff2acce4

«Երիտասարդական նվագախումբ անվանելը բավարար չէ։ Աշխարհի ամենահիանալի նվագախմբերից մեկը այստեղ է՝ ձեր քաղաքում։ Ուստի գովեստի խոսք եմ ուզում ուղղել բոլոր երաժիշտներին, ովքեր եռանդուն աշխատանքի շնորհիվ ապահովեցին այս մրցույթի հաջողությունը»,- նշել է Մարկ Հիլդրյուն։

Լոնդոնի «Ֆիլհարմոնիա» նվագախմբի գործադիր տնօրեն Դեյվիդ Ուելտոնը մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր 4 մասնակիցներին հրավիրել է Լոնդոն՝ «Ֆիլհարմոնիա» նվագախմբի կատարումներին, որտեղ վերջիններս աշխարհի լավագույն դիրիժորներից ոմանց հետ կկատարեն փորձեր։

Ի դեպ, հատուկ մրցույթի գալա համերգի համար Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցասրահներից մեկից հանվել էր Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկը, որով էլ մրցույթի հաղթողները ղեկավարել են իրենց ելույթը։

Հանդիսավոր արարողության ժամանակ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ողջունել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդիեր Շնոխքը։ Նա շնորհավորական խոսքեր է հղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին մրցույթի օրերին հիանալի կատարումների համար։ «Մրցույթի կազմկոմիտեն, մասնակիցները, ժյուրիի անդամները, հանդիսատեսն ապացուցերին, թե որքան կարևոր է այս մրցույթը ոչ միայն ձեզ, այլև համաշխարհային երաժշտական հանրության համար։

857c6a4e-d8cf-4701-9638-9b6aff1df134

Ես պետք է ձեզ հավաստիացնեմ, որ Երևանում դուք հիասքանչ միջացառում եք անցկացնում։ Իրականում մրցույթը բարձր մակարդակի է, և երաժշտական կատարումների ու կազմակերպչական բարձր որակների հաշվին այստեղ բոլորդ կարող եք հպարտ լինել։ Սա մրցույթ է, որի շնորհիվ աշխարհում լսելի են դառնում Արամ Խաչատրյանի, Հայաստանի անունն ու փառքը»,- նշել է Դիդիեր Շնոխքը։

Մրցույթի հաղթողներ Միրան Վոպոտիչը և Ջուն Սան Պարկը նկատում են, որ ուրախ են հաղթանակի համար, բայց միաժամանակ՝ տխուր, քանի որ այս գեղեցիկ տոնը ավարտվում է։ Նրանք երախտագիտություն են հայտնել Երիտասարդական նվագախմբին, քանի որ կոլեկտիվի երաժիշտներն ամեն ինչ արեցին, որպեսզի իրենք լավագույնս հանդես գան։

Նշենք, որ «դիրիժորություն» մասնագիտությունը խաչատրյանական մրցույթում այս տարի առաջին անգամ էր ընդգրկվել։ Մասնակցության հայտ ներկայացրած 57 դիրիժորներից ընտրվել և մրցույթին մասնակցել են 12-ը, նրանցից 4-ն անցել էին եզրափակիչ փուլ։

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան մրցույթը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։

«Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ




Լրահոս