ՀՀ Քննչական կոմիտեն ստում է և թաքցնում քննիչի գործած ապօրինությունը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին բերման ենթարկելու ձախողված փորձի մասին: Ըստ պաշտոնական հայտարարության՝

«ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 15-ին հարցաքննության է հրավիրվել ,Ժողովուրդե օրաթերթի լրագրող Ք.Մանուկյանը՝ դեպքի վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքների շուրջ ցուցմունք տալու։ Հարցաքննության անհրաժեշտությունն առաջացել էր նշված դեպքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթում հունիսի 11-ին հրապարակված հետաքննական նյութի, ապա նաև՝ «armlur.am» կայքում տեղադրված տեսանյութի արդյունքում։
Լրագրողական հետաքննական նյութը նախաքննական մարմինը դարձրել էր քննության առարկա և ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Ծանուցագրով լրագրողը հրավիրվել է հարցաքննության, որտեղ նշվել է նրա դատավարական կարգավիճակը՝ պարզաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետով սահմանված կարգով նա որպես վկա կարող է հարցաքննության ներկայանալ փաստաբանի հետ։ Պարզաբանում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանքե: Հիմք ընդունելով մամուլի հրապարակումները՝ նախաքննական մարմնի մոտ ողջամիտ կարծիք է ձևավորվել, որ նյութի հեղինակը հնարավոր է ունի տեղեկություններ դեպքի վերաբերյալ, ինչը կարող է օգտակար լինել քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար։

Նախաքննական մարմինը քաջածանոթ է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով երաշխավորված տեղեկատվության աղբյուրների պաշտպանության սկզբունքին և որևէ պահանջ չի դրվել՝ բացահայտել կամ հրապարակել տեղեկատվության աղբյուրը, այլ հրավիրվել է հարցաքննության՝ իրեն հայտնի հանգամանքների շուրջ։ Ակնկալվում էր, որ հոդվածագիրը պետք է շահագրգռված լիներ իր իսկ հեղինակած նյութում տեղ գտած հանգամանքներին պատշաճ իրավական գնահատական տալու հարցում և ցուցմունք կտար իրեն հայտնի փաստերի շուրջ (դրանց առկայության դեպքում)»:

Պաշտոնական այս հայտարարությունը մի շարք հակասություններ ունի ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ իրականության հետ.

1. «Հարցաքննության է հրավիրվել… ցուցմունք տալու» արտահայտությունը պաշտոնական կեղծիք է, քանի որ ՀԿՔ ավագ քննիչ Գեւորգ Խաչիկյանի կողմից «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացված գրության մեջ բառացի նշված է՝ «Առաջարկվում է ներկայանալ… թիվ 90050116 քրեական գործով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար (կից ներկայացվում է ծանուցման պատճենը եւ օրաթերթի պատասխանը): «Առաջարկվում է» եւ «Հրավիրվում է հարցաքննության»  արտահայտությունները խիստ տարբեր են եւ իմաստային, եւ իրավաբանական առումներով: Եւ ամեն առաջարկ չէ, որ մենք պարտավոր ենք ընդունել:

նկար 2

2. Քննիչի գրության մեջ նշված չէ, թե ինչ կարգավիճակով է հրավիրվում լրագրող Քնար Մանուկյանը Քննչական կոմիտե եւ ինչ հոդվածի համար: Նշված է միայն քրեական գործի համարը, որը մեզ ոչինչ չի ասում: Իսկ լրագրողը չի կարող գնալ ՀՀ Քննչական կոմիտե՝ առանց իմանալու ինչ կարգավիճակ ունի եւ ինչ գործի շրջանակներում է գնում: Պետք է գրության մեջ պահպանվեին ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի 205 հոդվածի պահանջները, այն է՝ «Վկան, տուժողը, կասկածյալը եւ մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր եւ երբ…»: Օրենքի այս կետը պահպանված չէ քննիչի գրության մեջ:

3. Քննչական կոմիտեի կողմից գրված պարզաբանումը սխալ տեղեկության հիմքեր ունի. «Ծանուցագրով լրագրողը հրավիրվել է հարցաքննության, որտեղ նշվել է նրա դատավարական կարգավիճակը»: Եւս մեկ անգամ շեշտում ենք, որ քննիչ Խաչիկյանը ծանուցագրում գրել է. «Առաջարկվում է ներկայանալ… թիվ 90050116 քրեական գործով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար» եւ Քննչական կոմիտեի պարզաբանման մեջ նշված հոդվածների շարադրանքը դրա իմաստը չի փոխում:

4. ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Խաչիկյանը առավոտյան Ռազմական ոստիկաններին լրագրողի տուն ուղարկելով խախտել է Ռազմական ոստիկանության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետը, այն է՝ «Ռազմական ոստիկանությունը զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս զինծառայողների մասնակցությամբ կատարված հանցագործությունների հետ կապված հետաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ»: Իսկ Ռազմական ոստիկանները՝ լրագրողի տուն ներխուժելով դրսեւորել են ինքնիրավչություն:

5. Ռազմական ոստիկանության եւ քննիչ Գեւորգ Խաչիկյանի թույլ տված ապօրինությունները ընդունեցին նաեւ հենց ՌՈ աշխատակիցները՝ լրագրողի տան բակում արձանագրություն կազմելով, որ իրենք ներկայացել էին բերման ենթարկելու որոշմամբ, սակայն չեն կարողանում իրացնել այն, քանի որ լրատվամիջոցները եւ ՄԻՊ ներկայացուցիչները եկել են:

6. Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը, այնպես էլ լրագրող Քնար Մանուկյանը շահագրգռված են՝ հեղինակած նյութերում տեղ գտած հանգամանքներին պատշաճ իրավական գնահատական տալու հարցում եւ հետեւողական են լինելու նաեւ քննիչների ու Ռազմական ոստիկանության աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու հարցում: Նկատենք, որ ՌՈ աշխատակիցները քաղաքացիական համազգեստով էին եւ նրանց ավտոմեքենայի վրա, որով պատրաստվում էին լրագրողին բերման ենթարկել, պետհամարանիշներ չկային, թղթե «տրանզիտ» համարներ էին փակցված:

նկար 1

7. ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարությանը հայտնում ենք, որ խնդրո առարկա հոդվածի բոլոր մանրամասներն իրենց քննիչներին վաղուց հայտնի են՝ դեռեւս այս տարվա մարտ ամսից: Ուստի լրագրողին այդ պատրվակով բերման ենթարկելը, ահաբեկելը առավել քան կասկածահարույց է: Հիշեցնենք, որ խնդրո առարկա հրապարակումը վերաբերում էր ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի թիկնազորի պետ Սերգեյ Հայրապետովի կողմից ծեծի ենթարկված զինվորականի գործին:

«Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրություն
17.06.2016




Լրահոս