Գեվորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնում իր անելիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածության հարցը այսօր Ազգային ժողովում քննարկման դնելուց առաջ, հանդես եկավ ելույթով և հայտարարեց, որ Գլխավոր դատախազությունում լուրջ անելիքներ կան, որոնցից առաջնայինը կլինի այն, որ ցանկացած հանցագործ կստանա արժանի պատիժ, ինչն էլ կփոխի հասարակության շրջանում արմատացած տեսակետը, թե երկրում անպատժելիության մթնոլորտ է տիրում։
“Ուզում եմ ներկայացնել գլխավոր դատախազի գործունեության արդյունավետությանն ուղղված շրջանակը, որոնք իմ պատկերացմամբ՝ հնարավոր է կարճ ժամանակում կիրառել: Մարդկության պատմության համար շրջադարձային է համարվում այն գաղափարը, որ մեկ մարդու նկատմամբ կիրառված հանցանքը հանցանք է ողջ հասարակության նկատմամբ, այս գաղափարի վրա է կառուցվում ցանկացած երկրի դատախազության համակարգը”,- ասաց նա։
Գլխավոր դատախազի թեկնածուն նշեց, որ պետության առաջ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք թույլ չեն տալիս ունենալ մի պետություն, որում բոլորն ապրեն բարեկեցիկ և արդար կյանքով։ Դրանցից նա թվարկեց փակ սահմանները, թշնամիները, բարդ աշխարհաքաղաքական վիճակը։
“Բայց կա մի ոլորտ, որը բացառապես մեզանից է կախված. դա արդարադատության ոլորտն է։ Մեր առջև չկա օբյեկտիվ խոչընդոտ, բոլոր պատճառների համար պատասախանատուն մենք ենք և պետք է բացառապես մեզանից պահանջենք”,- ասաց նա։
Գևորգ Կոստանյանը օրինակ բերեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացված 42 դատավճիռները, որոնք ըստ նրա, ցույց են տալիս, որ այս կամ այն հոդվածի խախտում է տեղի ունեցել, ինչն էլ խոսում է այն մասին, որ Հայաստանում արդար դատաքննություն տեղի չի ունեցել։
Զինդատախազը հենց առաջին գործը մատնանշեց, որը վերաբերել էր անձին 500 դրամ տուգանելուն։ “Դա ինձ համար ունի խորհուրդ և բնութագրում է հայ ժողովրդի վերաբերմունքը արդարադատության նկատմամբ։ 500 դրամ մուծելը դժվար չէր, իսկ դա խոսում էր արդարության վերականգնման մասին, որ մարդը 5 տարի պայքարելով հասել է դրանե,- ասաց նա և հայտարարեց, որ օրենքի սահմանումը պաշտպանելով՝ արդարության նկատմամբ հասարակության վերաբերմունքնը հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում վերականգնել։
“Խստագույնս պահպանելով օրինականության սկզբունքը՝ կարելի է կարճ ժամանակում հասնել այնպիսի արդյունքների, որոնք ոչ միայն կարտացոլվեն վիճակագրության մեջ, այլ տեսանելի կլինեն հասարակությանը և կփոխեն արդարության նկատմամբ հասարակական ընկալումը”,- ասաց նա։
Զինդատախազը ներկայացրեց իր ոլորտում արդեն արձանագրած հաջողությունները, ներկայացնելով վիճակագրություն, ըստ որի, ՀՀ զինված ուժերում 2010թ-ին արձանագրվել է 43 մահվան դեպք , 2011-ին՝ 35, 2012թ-ին՝ 29, 2013թ-ին՝ 14։
“Իհարկե, անգամ մեկ մահվան դեպքը մտահոգիչ է, անգամ մեկ մահն էլ կարևոր է, սակայն մահվան դեպքերը նվազել են, փաստն այն է, որ կա հանցագործության կայուն նվազում, տենդենցը պայմաների չեզոքացումն է, ինչն էլ խոսում է կատարված աշխատանքի մասին”,-ասաց նա։
Գևորգ Կոստանյանը նշեց, որ ստանալով նախագահի վստահությունը և մինչ խմբակցությունների հետ հանդիպումն ինքն այն համոզմունքին էր, որ գործելու է իր սկզբունքներով, սակայն խմբակցությունների հետ հանդիպումից հետո համոզվեց, որ դրանք ոչ թե իր սկզբունքներն են, այլ բոլորի. “Մեր նպատակներին հասնելու համար բոլորս համակարծիք ենք”։
Գլխավոր դատախազի թեկնածուն համոզմունք հայտնեց, որ իր ընտրվելու դեպքում ոչ միայն համակարգում, այլև երկրում կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվելու, առաջին պլան են մղվելու դատախազի մասնագիտական հմտությունները։
Գևորգ Կոստանյանը նաև ասաց, որ անընդունելի է, երբ դատախազը կուսակցական է լիում։ “Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ինչ-որ կերպ զբաղվել քաղաքականությամբ. ընձեռում է հնարավորություն՝ պայմանով, որ վայր դնի դատախազի լիազորությունները”,-նշեց նա:
Անդրադառնալով, տարածված այն տեսակետին, թե երկրում ու դատաիրավական համակարգում անպատժելիության մթնոլորտ է տիրում, Գևորգ Կոստանյանն ասաց, որ չի կիսում այդ կարծիքը և նկատեց. “Չնայած ես համամիտ չեմ, որ այն համատարած է, սակայն մեկ դեպքն էլ նման տրամադրություն ստեղծելու առիթ է, ուստի ցանկացած հանցագործ պետք է ստանա արժանի պատիժ”։
 
tert .am




Լրահոս