Տնտեսական աճ եք գրում, որ ինչ անեք. անմխիթար վիճակը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրությունը վիրտուալ տնտեսական աճ գրելու հարցում նորանոր ռեկորդներ է սահմանում. ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` այս տարվա առաջին հինգ ամիսների նախնական արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 5,5 տոկոս` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես հայտնի է՝ «տնտեսական ակտիվության ցուցանիշ» անվանումը ստացած տվյալով պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է տվյալ ժամանակահատվածի տնտեսական աճը: Իհարկե, մեծ հաշվով ոչ ոք չգիտի, թե պաշտոնական վիճակագիրները ինչպես են այդ ցուցանիշը հաշվարկում, բայց, դե, այդ տվյալի ամբողջ հմայքն էլ հենց այդ է, որ ոչ ոք չկարողանա ԱՎԾ-ի հրապարակած թիվը ստուգել:

Պաշտոնական վիճակագրության թվերը երբեւէ հավատ չեն ներշնչում, բայց ամեն դեպքում դրանք բնորոշում են Հայաստանի տնտեսությունում տիրող իրավիճակը եւ զարգացող գործընթացները: Այսպես, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա հինգ ամիսների արդյունքներով արդյունաբերական արտադրանքի ծավալներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8,8 տոկոսով: Առանց վարանելու կարող ենք ասել, որ այս «աճը» պայմանավորված է պղնձի հանքանյութի արդյունահանման ծավալների ավելացմամբ: Իհարկե, դրա շուրջ պաշտոնական վիճակագրությունն ավելի ուշ կհրապարակվի, բայց հայտնի փաստ է, որ այս տարվա սկզբից հանքարդյունաբերողները ստիպված են պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները կտրուկ ավելացնել` այդ ապրանքի միջազգային գների էժանացման պայմաններում իրենց եկամուտները ավելացնելու համար: Այս մասին է վկայում նաեւ այն փաստը, որ անցած տարվա հինգ ամիսների հետ համեմատած այս տարի 1,9 տոկոսով նվազել են էլէներգիայի արտադրության ծավալները:

Հայաստանի առեւտրաշրջանառությունում առկա պաշտոնական տվյալները շարունակում են մնալ մտահոգիչ, սպառողների աղքատացման մասին փաստող: Այսպես՝ այս տարվա հինգ ամիսների արդյունքներով՝ Հայաստանում առեւտրաշրջանառությունը կազմել է 774 միլիարդ 331 միլիոն 500 հազար դրամ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի տվյալից պակաս է 4 միլիարդ 238 միլիոն դրամով: Այն հանգամանքը, որ այս տարվա առեւտրաշրջանառությունն անցած տարվա համեմատ թեկուզ փոքր անկում է արձանագրում, արդեն իսկ խոսում է տնտեսության ծանր վիճակի մասին: Բանն այն է, որ 2015-ին առեւտրաշրջանառությունն արդեն իսկ 2014-ի համեմատ կտրուկ անկում էր ապրել:

Եթե երկու տարվա կտրվածքով ենք խնդրին մոտենում, ապա ստացվում է, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանի սպառողները 38 միլիարդ 188 միլիոն դրամով ավելի պակաս առեւտուր են իրականացնել, քան 2014-ի նույն ժամանակահատվածում: Այլ կերպ ասած՝ Հայաստանի բնակչությունն այսօր 2014-ի համեմատ աղքատացել է ավելի քան 38 միլիարդ դրամի չափով:
Ի դեպ, հունվար-մայիսի արդյունքներով Հայաստանում շինարարության ծավալները եւս մոտ 8 տոկոսով նվազել են: Հարկ է նշել, որ անցած տարի, երբ առեւտրաշրջանառությունն ամեն ամիս, 2014-ի համեմատ, կտրուկ անկում էր ապրում, շինարարության ծավալների նվազում դեռեւս չկար: 2015-ի ողջ ընթացքում շինարարության ծավալները գրեթե մնացին նույնը, ինչ 2014-ին: Սակայն բնակչության էլ ավելի աղքատացումը չէր կարող շինարարության ծավալների վրա կտրուկ չազդել, ինչն էլ տեղի ունեցավ:

Հարկ է նկատել նաեւ, որ արտահանման թվերը շարունակում են անցած տարվա համեմատ աճել: Հինգ ամիսների արդյունքներով այդ աճը կազմել է 20 տոկոս: Դա պայմանավորված է այն փաստով, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը կտրուկ նվազել էր: Արդյունքում այս տարվա արտահանման ծավալների վերականգնման փաստը, երբ համեմատում ենք անցած տարվա տվյալների հետ, ստացվում է, որ կտրուկ աճ է տեղի ունեցել:

Եթե Հայաստանի տնտեսության վիճակն ընդհանրական բնորոշենք, ապա այն շարունակում է գտնվել բացասական սպասումների` անվերջանալի թվացող շրջափուլում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս