«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հատկապես վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում նոր «մասնագիտություն» ձեւավորվեց՝ «գրանտակեր»: Դրանց մեծ մասը իշխանական շրջանակներին մոտ կանգնած մարդիկ են, որոնք հաջողացնում են պետական դրամաշնորհներ ստանալ՝ դրա մի մասը վերադարձնելով գործը դասավորողներին: «Գրանտակերների» ավելի խորամանկ մաս էլ կա, որը կարողանում է միջազգային կառույցների ֆինանսավորումից օգտվել` ձեւական փաստաթղթեր ներկայացնելով: Այդպիսով՝ այդ գումարներն իրենց նպատակին չեն ծառայում՝ այսինքն հասարակական փոփոխությունների առիթ չեն դառնում:
Բայց հա՛մ իշխանություններն են գոհ, հա՛մ էլ նրանց մերձավոր ՀԿ-ներն են շահում: «Ժողովուրդ»-ը դեռեւս երեք ամիս առաջ գրել էր, որ Եվրամիության Երեւանի գրասենյակը դիմել էր իրավապահներին՝ բողոքելով, որ ավելի քան 100 հազար եվրոյի դրամաշնորհի գումարները ոչ նպատակային են ծախսվել: Այս քրգործի քննությունը դեռ շարունակվում է, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կա մեկ կալանավորված անձ, եւ վերջերս խուզարկվել է 3 հոգու բնակարան: Թերեւս իրավական այս գործընթացն ավելի շուտ նախազգուշացնող նշանակություն ունի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: