Ղարաբաղի շուրջ ընթացող ակտիվ գործողությունները հետևանք են Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպման և, բնականաբար, այդ հանդիպումը վերջինը չի լինելու: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը:
«Ամենայն հավանականությամբ կողմերը պայմանավորվելու են, որ այդ հանդիպումների արանքում պետք են արդեն գնալ որոշակի կոնկրետ գործընթացներ: Լավրովի այցը Երևան ապա Բաքու հենց այդ գործընթացների շարունակությունն է: Իսկ թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանում, հիմա դժվար է ասել, բայց փաստացի կարելի է ասել, որ քննարկվում է այդ հինգ տարածքների վերադարձի հարցը, որի դիմաց հայկական կողմը պահանջում է ամրագրել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հաստատումը հանրաքվեի միջոցով», – հավելեց նա, ընդգծելով, որ Ադրբեջանն այն մերժում է:
Քաղաքագետի խոսքով` ապրիլյան պատերազմից հետո բանակցությունների հաջողությունը թեքվեց Ադրբեջանի կողմը: Բոզոյանն ընդգծեց, որ այժմ պետք է պայքարենք, որ Հայաստանը վերադառնա բանակցությունների մեջ: «Այս պահի դրությամբ, երբ որ միջազգային հանրությունը ֆիքսեց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում անհաջողոթյուն գրանցեցինք, մենք փաստորեն հայտնվել ենք բանակցային գործընթացի եզրին: Այստեղ հիմնական բանակցային գործընթացներ են դարձել Ռուսաստանն ու Ադրբեջանը: Հայաստանը կողքից դիտորդի կարգավիճակում է», – ընդգծեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան