ArmLur.am-ը քիչ առաջ հեռախոսով զրուցեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի հետ, ով այս պահին գտնվում է ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում: Ազատամարտիկից փորձեցինք հասկանալ` ինչ իրավիճակ է այժմ այնտեղ եւ որոնք են լինելու նրանց հետագա գործողությունները:
-Պարո′ն Մանուկյան, ի՞նչ իրավիճակ է այդտեղ:
-Ընդհանուր շատ լավ վիճակ է, մարտական տրամադրված: Ժողվրդի կողքից չենք հեռանա: Ասում են, ոստիկաններից զոհեր կան, վիրավոր էլ կան, չգիտեմ: Ամեն դեպքում նրանք են առաջինը կրակ բացել, եւ պատասխան է եղել: Նրանք շատ լավ գիտեն, որ վճռական ենք տրամադրված, գնալու ենք լրիվս էլ մեռնելու ենք, բայց այստեղից դուրս չենք գա:
–Իսկ ձեզանից վիրավորներ կա՞ն:
-Մենք երկու վիրավոր ունենք, մեկը հոսպիտալացում է, մեկը այստեղ է:
–Այժմ ոստիկաններն ի՞նչ գործողություններ են կատարում: Հնարավո՞ր է հետ դառնաք ձեր պահանջներից:
-Հիմա ոստիկանները ձերբակալություններ են կատարում, մեր ընկերների, հարազատների տներն են մտնում եւ այլն: Բայց պետք է գիտակցեն, որ այդ մեթոդով հարց չի լուծվի:
Ես հիմա պահանջում եմ, որ դուք գաք եւ ուղիղ եթեր տաք մեր պահանջները: Հենց հիմա եկեք:
Հ. Գ. ArmLur.am լրագրողները գտնվում են դեպքի վայրին շատ մոտ, սակայն ՀՀ ոստիկանության եւ հատուկ ծառայությունների աշխատակիցները չեն թողնում առաջ գնալ: Երբ մեր մուտքը ոստիկանության գունդ ապահովվի, անմիջապես կհեռարձակենք զինված խմբի անդամների պահանջները:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամները պահանջում են, որ ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվի, իսկ Սերժ Սարգսյանն էլ հրաժարական տա և իշխանությունը փոխանցվի ժողովրդին: