Այս գիշեր բավականին լարված էր Խորենացի փողոցում, բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև, կան մոտ վեց տասնյակ տուժածներ, բազմաթիվ բերման ենթարկվածներ: ArmLur.am-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ իրավիճակ է եղել հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից գրաված ոստիկանության ՊՊԾ գնդի ներսում: Այս առնչությամբ հեռախոսազրույց ունեցանք «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, հարձակման նախաձեռնող Պավել Մանուկյանի հետ.
-Պարո՛ն Մանուկյան, գիշերը բավականին լարված էր՝ բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև: Ձեզ մոտ ինչ-որ տեղաշարժ նկատվե՞լ է.
-Մեզ մոտ էլ էր բավականին հետաքրքիր. մի պահ լարվել էր, բայց քայլեր չեն անում:
-Բախումների պատճառը Ձեզ սնունդ հասցնելն էր. չկա՞ ձեզ մոտ ոչինչ.
-Մենք ոչ մի բան էլ չունենք՝ ծխելիք էլ չունենք, ուտելիք էլ չունենք, բայց պետք չի, կդիմանանք:
– Իսկ ինչպիսի՞ն է ներսում տիրող իրավիճակը.
– Մարտական բոլորով, առողջականի խնդիր չկա:
-Ներսում գտնվող մյուս անձանց վիճակից ի՞նչ կասեք՝ ասել եք պատանդ չանվանենք.
-Շատ լավ, շա՛տ, նույնիսկ գերազանց:
– Ժողովրդին որևէ ասելիք ունե՞ք.
– Անպայման պետք է միանանք, մենք կմեռնենք, բայց չենք հանձնվի:
Զրուցեց Լիլիթ Շաբոյանը