Վիտալի Բալասանյանն այս պահին բանակցում է ոստիկանության գունդը գրաված զինյալների հետ. նա շտապ Երևան է եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց խմբավորման անդամ, ՊՊԾ գունդը գրավողներից Պավել Մանուկյանը:

– Պարո′ն Մանուկյան, բանակցություններն ի՞նչ փուլում են գտնվում:

– Շարունակվում են, հիմա Վիտալի Բալասանյանն է մեզ մոտ, իր հետ ենք զրուցում:

– Միջնորդ կողմ ո՞վ է հանդիսանում:

– Շատ դժվար վիճակ է, իշխանությունները բերանը ջուր են առել, իրանք չեն կարողանում մի բան անել, մեզ համար մի հարգելի մարդ են ուղարկում`Վիտալի Բալասանյանին, ով մեզ կողմից ընդունված, իմ կողմից առավել ևս: Այդ փուլում է: Հիմա այստեղ է, նա դուրս կգա, ամեն հարցերին կպատասխանի:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երեք օր է՝ նախագահական նստավայրից զանգահարում են Հայաստանի եւ Արցախի ամենատարբեր քաղաքական, հասարակական  գործիչներին, որոնք հանրության շրջանում որոշակի հեղինակություն ունեն, ու նրանց համոզում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցեն՝ վայր դնելու զենքերը: Մեր տեղեկություններով՝ շատ քչերն են համաձայնում «բանագնացի» պարտականություն ստանձնել:

Հավելենք նաև, որ հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավված է մնում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, որտեղ պատանդ են պահվում չորս ոստիկան: Խմբավորման հիմնական պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականն է: ԱԱԾ-ի կողմից պարբերաբար հայտարարություններ են արվում, որով վերջիններս կոչ են անում հանձնվել խաղաղ ճանապարհով, իսկ խմբավորման անդամներն էլ հայտարարում են մինչև վերջ գնալու պատրաստակամության մասին:

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս