Թվերով և իրական տնտեսական աճն անհամատեղելի են. չհիացնող «նկարչություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի հեճուկս Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող բացասական զարգացումներին՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այն շարունակում է աճ արձանագրել: Իհարկե, կարող է հարց ծագել, թե նման պայմաններում ինչպե՞ս կարող է տնտեսական աճ լինել, միանգամից պատասխանենք՝ չգիտենք: Սակայն փաստ է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով 4,8 տոկոս տնտեսական աճ է արձանագրել:

ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած, 2016 թվականի առաջին կիսամյակի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ նախնական մակրոտնտեսական տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է 4,8 տոկոսով:

Նշված տեղեկագրի տվալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել են 8,9 տոկոսով: Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրավիճակը կարգավորվել է, որովհետեւ արդյունաբերությունն աճ է արձանագրել: Իրականում, սակայն, արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են պղնձի խտանյութի արդյունահանման ծավալների կտրուկ ավելացման հաշվին: Ավելին՝ չնայած պաշտոնական վիճակագրությունը դեռեւս չի հրապարակել ըստ արդյունաբերության ճյուղերի տվյալները, սակայն մեր տեղեկություններով՝ պղնձի խտանյութի արդյունահանման ծավալներն այս տարի աճել են մոտ 30 տոկոսով: Այսինքն՝ Հայաստանի արդյունաբերության 20-ից 25 տոկոսը կազմող խոշորագույն ոլորտում արձանագրված 30 տոկոս աճը, ընդհանուրի մեջ ընդամենը մոտ 9 տոկոսի աճ է ապահովել: Սա նշանակում է, որ իրականում արդյունաբերությունում լուրջ անկումներ ունենք, որոնք հանքարդյունաբերության շնորհիվ թվային տեսքով դեռեւս տեսանելի չեն:

Ի դեպ, հանքարդյունաբերության արտադրանքի աճն էլ պայմանավորված է պղնձի միջազգային գների անկմամբ, ինչը սկսվել էր դեռեւս անցած տարվա սկզբից եւ շարունակվել է նաեւ այս տարի: Արդյունքում պղնձի մեկ տոնայի միջազգային գինը մեկուկես տարում 7 հազար դոլարից նվազել է մինչեւ 4000-ից 4500 դոլար: Հուլիսի սկզբից պղնձի միջազգային գինը մի փոքր բարձրացել է եւ հասել 5 հազար դոլարի:
Այն, որ Հայաստանի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է գտնվում, վկայում է նաեւ շինարարության ծավալների անկումը: Վեց ամիսների կտրվածքով շինարարության ծավալները նվազել են 7,8 տոկոսով: Եվ սա, մեղմ ասած, տարօրինակ է. եթե տնտեսությունն աճում է, ապա ինչպես են նվազում շինարարության ծավալները:

Մյուս կողմից առեւտրի շրջանառության ծավալները եւս շարունակում են նվազել: Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի առեւտրի շրջանառությունը նվազել է 0,3 տոկոսով: Թվային արտահայտությամբ այս անկումն այդքան մեծ չէ, բայց ողջ խնդիրն այն է, որ անցած 2015 թվականին արդեն իսկ առեւտրի ծավալները կտրուկ նվազել էին: Նման պայմաններում թեկուզ չնչին անկումն արդեն փաստում է տնտեսության ողբերգական վիճակը, քանի որ սպառողները ամեն դեպքում շարունակում են աղքատանալ:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ էլէներգիայի արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ այս տարվա առաջին կիսամյակում նվազել են 4,9 տոկոսով: Հայտնի է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ փոփոխությունից հետո էլէներգիայի կորուստները մոտ 2 տոկոսով նվազել են, ըստ այդմ, վերը նշված անկման մի մասը կարող է այդ փաստով պայմանավորված լինել: Սակայն մնացած մոտ 3 տոկոսի անկումը, այնուամենայնիվ, մնում է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում այս տարի քիչ էլէներգիա է սպառվել: Էլէներգիայի պահանջարկի անկումը ենթադրում է տնտեսության անկում, քանի որ իրական տնտեսական աճի պայմաններում, երբ արդյունաբերությունը զարգանում է, սպառողների գնողունակությունն ավելանում է, եւ էլէներգիայի պահանջարկը մեխանիկորեն աճում է:

Ի դեպ, կիսամյակի արդյունքներով արտահանման ծավալները շարունակում են աճել եւ կազմել են 16,7 տոկոս: Այս երեւույթը հիմնականում պայմանավորված է այն փաստով, որ անցած տարի դեպի Ռուսաստան ապրանք չարտահանելու արդյունքում ցուցանիշները կտրուկ նվազել էին: Իսկ այս տարի դեպի ՌԴ արտահանումը կրկին վերականգնվեց, ինչի արդյունքում ընդհանուր թվերը սկսեցին աճել:
Մի խոսքով թվերով տնտեսությունն աճում է, իսկ սպառողները շարունակում են աղքատանալ, էլէներգիայի սպառումն էլ շարունակում է նվազել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս