ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ ԱՅՍՔԱՆ ՀՈԳՆԵԼՈՒՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ծագումով գյումրեցի դերասանուհի ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ տեւական լռության մեջ է, չի նկարահանվում, չի խաղում: “Ժողովուրդ”-ը զրուցեց տիկին Լուսինեի հետ՝ պարզելու նրա լռության պատճառը:
-Իմ լռությունը մի քանի պատճառ ունի: Իմ եղբայրը երիտասարդ հեռացավ մեզանից, դա շատ ազդեց ինձ վրա, նեղվածությունս ոչ մի կերպ չի անցնում, շատ ծանր տարա: Մինչեւ անցյալ տարվա ամառն աշխատել եմ, բայց դրանից հետո ու այս ընթացքում էլ ոչ մի հրավերք չի եղել: Ոչ մի տեղ չեմ նկարվում, լրիվ մոռացել են ինձ: 
-Իսկ թատրոնում խաղո՞ւմ եք, Դուք նաեւ Դրամատիկականում եք աշխատում:
-Թատրոնում մի ներկայացման մեջ դեր ունեի, որի համար 2 տարի առաջ “Արտավազդ” մրցանակի արժանացա, մի խոսքով, պատճառն անգամ ինքս չգիտեմ, բայց այդ ներկայացումը հանեցին: Հիմա ես թատրոնում ոչ մի ներկայացման մեջ չկամ, իսկ նախկինում երանի էի տալիս, որ մի օր ազատ լինեի: Ստացվում է, որ ես թատրոնում աշխատում եմ, բայց չեմ խաղում:
-Աշխատավարձ ստանո՞ւմ եք:
-Բա իհարկե ստանում եմ, ե՞ս եմ մեղավոր, կարո՞ղ է` ինձ դեր են տվել, վատ եմ խաղացել կամ հրաժարվել եմ:
-Չե՞ք փորձել ղեկավարության հետ պարզել, թե ինչու Ձեզ ոչ մի դեր չեն տալիս:
-Ես հիմա այն վիճակում չեմ, որ գնամ, այդ հարցերը պարզեմ, բայց երեւի այս դադարն ինձ էլ էր պետք, որ մի քիչ տեղ գամ, ինձ գտնեմ, ես ինձ կորցրել էի: Արդեն չգիտեմ՝ ինչ է կատարվում ինձ հետ, ինչ է կատարվում շրջապատի հետ, երբ տեսնում ես, որ 95 տոկոսը դերասաններ չեն, բայց խաղում են, նկարվում, ու անընդհատ վերցնում են նույն մարդկանց: Ես չեմ հասկանում, պետք է անպայման բոյդ կարճ էղնի, դու կապիկ էղնես կամ շատ քսված տիկնիկ, որ դե՞ր ստանաս: Ինչի՞ չի անցնում մարդու շնորհքը, տաղանդը չի գնահատվում: Շատ են արտաքին էֆեկտների հետեւից ընկնում: Իսկ երբ մեկին էլ վերցնում են, անընդհատ նրան են նկարում:
-Փաստորեն, հիմա թատրոնում չեք խաղում, սերիալներում չեք նկարվում, իսկ ինչո՞վ եք զբաղվում:
-Ոչ մի բանով: Իմ կենդանիների հետ եմ, երեք շուն ունեի, մի կատու, մի շունս մահացավ, հիմա երկուսն են: 
-Եթե չեք աշխատում, այդ դեպքում ինչպե՞ս եք կարողանում հոգալ Ձեր ֆինանսական հարցերը:
-Ես թատրոնից աշխատավարձ եմ ստանում, ճիշտ է` թատրոնում ասում են “աղքատավարձ”, բայց դե… Նույնիսկ մամայիս եմ օգնում: Ես ստեղծող եմ, արարող, գիտեմ՝ ինչը ինչի հետ, ինչից հետո, առաջ: Շատ բաներ կան, որ պետք է, բայց ես որեւէ մեկը չունեմ, որ մուննաթ գամ: Ես հիմա շատ վատ վիճակի մեջ եմ, շատ մենակ եմ, ինձ զբաղվել է պետք, դուրս գալ, մոտս դեպրեսիա է: Նույնիսկ այն ընկեր-ընկերուհիները, որոնք բավական մտերիմ են եղել, ու ես հավատացել եմ իրենց, իրենք էլ ինձ մենակ թողեցին: Երկու հոգի կա, որ զանգում են, բայց դա ոչ մի վերք չի բուժում: Այն ժամանակ, երբ իմ սեղանները լիքն էին ու բացված, գնում-գալիս էին պաչ-պռոշտիներով, թե ինձ շատ են սիրում: Հիմա նույնիսկ չգիտեմ՝ այդ մարդիկ որտեղ են: Մի բանի համար էլ եմ ափսոսում, որ տարիքս անցնում է, ու ես իմ երազած դերերը չեմ կարողանում խաղալ, երազանքներս մնում են անտերուդուս: Հոգնել եմ արդեն այսքան հոգնելուց: Գիտե՞ք, ես նաեւ գրում եմ, բայց ոչ մի անգամ չեմ տպագրվել: Նույնիսկ էսքիզներ արեցի մոնոներկայացման համար, բայց էդպես էլ մնաց:
-Դուք էկրանին այնքան ուրախ կին եք երեւում, Ձեզ միշտ հումորային կերպարներում ենք տեսել, հիշեցի “Վերվարածները” սերիալում Ռոզի կերպարը: Ինչ-որ բանով նմա՞ն էիք Ձեր հերոսուհուն:
-Ասեմ, որ ես մեծ դրամատիկ դերասանուհի եմ, պարզապես քանի որ ես շատ հումորով եմ, դրա համար են ինձ նման դերեր տալիս: Մեր ընտանիքն էլ ոնց որ հումորի պարկ լիներ: Իսկ Ռոզին բացարձակապես նման չեմ: Նա էնքան գարշելի կերպար էր սկզբից, իմ ներքին բարությունը, իմ խիղճը փոխանցելով` կամաց-կամաց էդ կերպարին դարձրի բարի, շատ փոխեցի նրան: 
-Ի՞նչ եք հիմա ամենից շատ ցանկանում: 
-Հիմա ես շատ կուզենայի աշխատել: Ասելիքներ բավականին ունեմ: Տեսե՛ք, այդքան չեմ խաղացել, բայց ժողովուրդն ինձ հիշում է, մոտենում: Նստած եմ լինում կանգառում, դե ես քաղաքային տրանսպորտով եմ գնում-գալիս, մեկ էլ երթուղայինի միջից ձեռքով են անում, օդային համբույրներ ուղարկում… Այդ ջերմությունն ինձ համար կարեւոր է:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ”  օրաթերթի 644 համար




Լրահոս