Ինչ է մանրամասնում Եղիշե Պետրոսյանը որդու անվան շուրջ ստեղծված աղմուկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում լուր էր շրջանառվել այն մասին, որ երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի որդուն Արտյոմ Պետրոսյանին պատկանող ETTO KIDS մանկական զարգացման եւ ժամանցի կենտրոնի աշխատակցին աշխատավարձ չեն վճարել և, ապա աշխատանքից հեռացրել են: Այս հարցի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Եղիշե Պետրոսյանի հետ: Վերջինս արձագանքելով մեր հարցադրմանը` ծավալուն պարզաբանում ներկայացրեց.

«Հիասթափեցնող է, երբ հեղինակավոր լրատվամիջոցը չի խորշել, անտեղի շահարկել է իմ անունը, ընկերությանս անունը և, խախտելով լրագրողական էթիկայի տարրական կանոնները, տարածել է միակողմանի, նաև, ես կասեի, վարկաբեկող տեղեկատվություն: Ավելին, այս ամենը փաթեթավորել և տեղադրել է իմ լուսանկարի տակ:
Փաստորեն լրագրությունը իջեցվել է “պլինտուսի” մակարդակի, որպեսզի սպասարկվի մի առօրյա բամբասանք և զրպարտանք:
Մանրամասնեմ: ETTO KIDS կենտրոն է զանգահարել ոմն լրագրողուհի, ստացել է իրեն հետաքրքրող անձի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն: Մասնավորապես, լրագրողին ասվել է, որ իրեն տրամադրված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում: Ասվել է նաև, որ կենտրոնի տարածքում «անարդարության զոհ» ներկայացվող «հերոսուհու» և նրա ընկերոջ մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որը կանխվել է միայն հրավիրված ոստիկանության միջամտության շնորհիվ և, որ գործը այդ պահին գտնվում է քննչական վարույթում , և որ, ցանկալի է սպասել: Բանական մարդը, առավել ևս՝ լրագրողը, անշուշտ պետք է զգուշանար, նաև հասկանար, որ այստեղ ինչ որ բան այնպես չէ, և փորձեր ավելի տեղեկացվել, մանավանդ, որ գիտեր թե իմ, թե լուսանկարիս տեղը: Սակայն դա տեղի չի ունեցել: Կարծում եմ, հասկանալի է ինչու՝ հայտնի մարդը կա, նկարը կա, մնում է պիտակ-վերնագիր հորինել և լսարանն ապահովված է՝ «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով:
Իսկ ուր մնաց պրոֆեսիոնալիզմը, սկզբունքայնությունը, և ինչու չէ, նաև մարդկային գործոնը…

Ինչ վերաբերում է իմ որդուն, ապա նա հայ երիտասարդի այն տեսակն է, որը ստացել է բազմակողմանի և որակյալ կրթություն, բայց նախընտրել է մնալ և գործունեություն ծավալել հայրենիքում: Նա է ETTO KIDS բրենդի հիմնադիրը: Մեծ չարչարանքների, ֆինանսական ռիսկերի և դժվարությունների հաղթահարման արդյունքում էլ այս տարվա հունվարի 17-ին վերջապես բացվել է նաև կենտրոնը, որը ղեկավարում են աղջիկս և հարսս: Կենտրոնը հերթական չարչիանոցը չէ, այլ ինժեներական ուղղվածությամբ մանկական ժամանցի և զարգացման միակ կենտրոնն է Հայաստանում: Կենտրոնում սկզբունքորեն պահպանվում են թե մեթոդական մանկավարժական աշխատանքի, թե աշխատանքի կազմակերպման, թե սպասարկման, թե անվտանգության, նաև հիգիենայի բարձր չափանիշներ: Կարճ ասած,իմ զավակները՝ ի պատիվ իրենց , մեծ բեռ վերցնելով իրենց ուսերին, մեր դատարկվող երկրում ստեղծել են նոր աշխատատեղեր և այնտեղ ցանկանում են աշխատել միայն ուսյալ, բարեկիրթ, աշխատասեր, հավասարակշռված երիտասարդների հետ: Կարծում եմ՝ դա նորմալ է ,եթե գործ ունես երեխաների հոսքի հետ: Համաձայնեք՝ միայն դիպլոմը բավարար չէ, որպեսզի ապահովվի ճիշտ կոնտակտը երեխայի ,ծնողի, նույնիսկ աշխատակիցների հետ: Այսինքն, հնարավոր է, որ որոշակի ժամանակահատվածից հետո պարզվի, որ որևէ անձ չի համապատասխանում այդ աշխատանքին:Սա մի դեպքում:

Իսկ գլխավոր հերոսուհու պրոբլեմն այլ է եղել: Նա, զանազան պատճառաբանություններով, անընդհատ ավանսով գումար է խնդրել, հնարավորության սահմաններում երբեմն ընդառաջել են: Նաև խոստացել են վարձատրել նրան աշխատավարձի սահմանված օրվանից մեկ շաբաթ էլ շուտ: Բայց, դա էլ նրան չի գոհացրել, ցուցաբերել է անբացատրելի անհամբերություն, անցել է ուլտիմատումի և շանտաժի, դրսևորել է ոչ ադեկվատ վարք և ընկերոջ հետ հայտնվել ոստիկանությունում: Համաձայնեք՝ սա նորմալ չէ: Իսկ ինչ վերաբերում է նրա աշխատանքից հեռացված լինելուն, հերթական սուտն է: Կարծում եմ, հիմա իսկը ժամանակն է իրականում հեռացնելու նրան աշխատանքից՝ գոնե անհարգելի բացակայությունների պատճառաբանությամբ:
Ահա և ամբողջ եղելությունը…

P.S. Լրագրողների ուշադրությունը ես կհրավիրեի նման բացառիկ նախագծերի լուսաբանման վրա, որը բերում է հույս, հավատ վաղվա օրվա հանդեպ, այլ ոչ բամբասանքների, որոնք էլ ավելի են գորշացնում մեր երկրի առանց այն էլ գաղջ մթնոլորտը»:




Լրահոս