Մրգանուշ գյուղի եկեղեցին` խղճուկ վիճակում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Մրգանուշ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին տեղացիների համար ոչ միայն սրբավայր է, այլեւ առեղծվածային մի կառույց, որը, ասում են, քանդվելու «իրավունք չունի»: Գյուղացիների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ խորհրդային միության տարիներին մի տրակտորիստ սկսել է քանդել եկեղեցու շեմը եւ հենց այդ պահին ստացել է իր երեխայի խեղդվելու մասին գույժը. որոշ ժամանակ անց մահվան ճիրաններում է հայտնվել ողջ ընտանիքը:

13672057_1102988739782191_258144043_n

Թե որքանով են այս պատմությունները հավաստի, դժվար է ասել, բայց մի բան ակնայտ է. եկեղեցին այժմ գտնվում է անմխիթար, ավերված վիճակում: Ընդ որում, 19-րդ դարի այս կառույցն ընդգրկված է ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: «Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց` արդյոք երբեւէ կատարվել են ներդրումներ եկեղեցին վերականգնելու նպատակով, եւ ինչն է պատճառը, որ սրբավայրն այժմ գտնվում է անտեսված վիճակում:

13884599_1102988746448857_675171396_n
ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Գայանե Նազլուխանյանը նշեց, որ եկեղեցին վերականգնման ենթակա չէ, քանի որ այն հողաշեն է. «Կարելի է միայն հում աղյուսի շարվածքը պահպանել»,-ասաց նա:
Մենք հարցրինք` ինչու գոնե այս վերջին աշխատանքն արված չէ. «Եկեղեցին տեղական նշանակության հուշարձան է, իսկ նման հուշարձանների դեպքում հիմնականում սեփականության իրավունքը տրված է համայնքին: Համայնքն էլ հոգում է դրա պահպանության հարցերը, իսկ պետությունը, եթե անհրաժեշտություն լինում է, այդ նպատակով պարբերաբար գումար է ներդնում»,- մեկնաբանեց բաժնի պետը:

13866631_1102988759782189_2074432105_n

Իսկ այն հարցին, թե երբ է վերջին անգամ նախարարությունը գումար ներդրել եկեղեցու պահպանության համար, մշակույթի նախարարության ներկայացուցիչը պատասխանեց. «Ոչ մի անգամ»: Պատճառաբանությունն էլ հետեւյալն էր. «Մենք տարեկան կտրվածքով ունենք հրատապ միջամտության կարիք ունեցող հուշարձաններ, որոնց պահպանության համար էլ ներդրվում են գումարները: Պետք է նախարարին համապատասխան առաջարկ արվի, որպեսզի որոշվի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարցը: Պետբյուջեով երեք տարվա կտրվածքով դրան առնչվող որեւէ ներդրում չենք նախատեսել»:

13871847_1102988743115524_247949941_n
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց Մրգանուշի գյուղապետ Մանվել Սարգսյանից. «Եկեղեցու միայն պատերն են մնացել, ի՞նչ ներդրում անենք, մի քանի անգամ դիմել ենք բարերարների, Մայր Աթոռին, Արարատյան Հայրապետական թեմին, որ աջակցեն, բայց սայլը տեղից չի շարժվել: Գյուղի բյուջեն կազմում է 30 միլիոն դրամ, որից 22 միլիոնը հատկացվում է աշխատավարձերին, մնացած 8 միլիոնով գյուղ պահե« նք, թե՞ եկեղեցի կառուցենք: Մեր բյուջեն մեծ հնարավորություններ չունի»,- ասաց նա` հավելելով, որ եկեղեցու տարածքում նաեւ գյուղացիների հին գերեզմաններ կան:

13884568_1102988756448856_259286462_n

Գյուղապետը պատմեց, որ խորհրդային տարիներին պահածոների գործարանի տնօրինությունը վերցրել էր եկեղեցու տարածքը եւ այնտեղ մթերման կետ տեղակայել. «Խորհրդային կարգերի փլուզումից հետո գործարանի տիրոջից (գյուղապետը չցանկացավ անուն նշել-հեղ.) կռիվ-ղալմաղալով հետ եմ վերցրել այդ տարածքը»,-մանրամասնեց նա` պատրաստակամություն հայտնելով օգնել բարերարին, որը ցանկություն կհայտնի զբաղվել եկեղեցու վերականգնման աշխատանքներով:

13872540_1102988753115523_74021258_n
Խնդրի շուրջ մենք զրուցեցինք նաեւ պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանի հետ:
«Հիշյալ հուշարձանը իրոք որ տեղական նշանակության է: Պահպանության խնդիրները, ըստ օրենքի, պետք է իրականացնեն մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արարատի մարզային կառույցը եւ Մրգանուշ գյուղի գյուղապետարանը: Ըստ իս, եկեղեցին պետք է մաքրել փլատակներից եւ կոնսերվացնել: Լիովին վերականգնելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա: Եթե Մրգանուշ գյուղի համայնքը ցանկություն ունենա, ապա հետագայում կարելի է նոր, քարաշեն եկեղեցի կառուցել»,-նկատեց նա:
Ա. Այվազյանը նաեւ ուշագրավ դիտարկում արեց. «Բացառված չեմ համարում, որ եկեղեցու մաքրման աշխատանքների ժամանակ ի հայտ գան ավելի վաղ ժամանակների եկեղեցու հիմքեր: Նկատենք, որ 17-19-րդ դարերում մի շարք եկեղեցիներ վերակառուցվել եւ կառուցվել են նախկին դարերում ավերված կառույցների հիմքերի վրա»,- նշեց մասնագետը:
«Ժողովուրդ»-ը կհետեւի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ճակատագրին:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարները` Խաչիկ Եղոյանի արխիվից




Լրահոս