Անին ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UNESCO-ն ընդունել է Թուրքիայի ներկայացրած հայտը և Անի քաղաքը ներառել է համաշխարհային մշակութային ժառնգության ցանկում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberturk» լրատվական կայքը՝ նշելով, որ որոշումը կայացվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովի նիստում: Այն անցկացվել է Ստամբուլում հունիսի 10-ից 20-ն ընկած ժամանակհատվածում: Անիում գրանցված է 21 հուշարձան. եկեղեցիներ, մզկիթներ, վանական համալիրներ, իջևանատներ, բաղնիքներ, կամուրջներ և ջրաղացներ:

Կայքը նշում է, որ 1000 ու 1 եկեղեցիների և 40 փակ շուկաների քաղաք անունը ստացած Անին Թուրքիայի ամենակարևոր պատմական գանձերից է: «Բազմամշակութային կառուցվածքով միջնադարյան առևտրային կենտրոն համարվող քաղաքը 961-1045թթ հայկական Բագրատունի թագավորների մայրաքաղաքն է եղել, այնուհետև անցել բուզանդացիների, սելջուկների և վրացիների տիրապետության տակ: Քաղաքի անկումը սկսվել է մոնղոլական ասպատակություններից և 1319 թվականի երկրաշարժից հետո»:

UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված է 1052 հուշարձան, որոնցից 16 գտնվում է ներկայիս Թուրքիայում: Բացի Անի քաղաքից UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված է նաև Նեմրութ լեռը, որի վրա է գտնվում Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունու (Ք. Ա․ 69-34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը:




Լրահոս